Պարզ, դրական, վառ գույներով եմ աշխատում. Անուշ Ավետիսյան
Երիտասարդ նկարչուհի Անուշ Ավետիսյանը, որի աշխատանքները ցուցադրվում են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, դասավանդում է արվեստի և հանրակրթական դպրոցներում: Նկարչուհին գիտելիքներն ու հմտություններն է փոխանցում աշակերտներին՝ դասեր անցկացնելով նաև Nova arts Gallery & wine ցուցասրահ-սրճարանում, որտեղ ցուցադրված են իր կտավները:
«Արմենպրես»-ի թղթակիցը ցուցասրահ-սրճարանում զրուցել է նկարչուհու և նրա աշակերտների հետ:
«Ստեղծագործում եմ ավելի քան տասը տարի: Ինձ թվում էր` պարզապես սիրում եմ նկարել, բայց եկավ մի շրջան, երբ հասկացա, որ առանց արվեստի չեմ կարող, անընդհատ պետք է աշխատեմ, պետք է նկարեմ և այլ տարբերակ չունեմ:
Ավարտել եմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, այնտեղ ինձ դասավանդել են հրաշալի դասախոսներ Խաչատրյանը, Ղազարյանը, Մկրտչյանը և այլք»,-պատմեց նկարչուհին:
Նա շեշտեց, որ արվեստն ինքնին կյանք է և հնարավորություն է տալիս ավելի սիրել կյանքը, արժևորել այն: «Ամեն անգամ նկարելիս իմ տրամադրությունն ու հոգեվիճակը փոխվում են, ձերբազատվում եմ ստրեսներից: Կան մարդիկ, որոնք հատուկ այդ նպատակով են սովորում նկարել: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ արվեստը դրական ազդեցություն է ունենում մարդու վրա»,- ընդգծեց Ավետիսյանը:
Նկարչուհու խոսքով՝ արվեստն այն է, երբ անգամ անհասկանալի պատկերներով ստեղծագործությունները տարբեր հույզեր, տրամադրություններ են արթնացնում: «Ես պարզ, դրական, վառ գույներով եմ աշխատում: Չեմ սիրում, երբ կտավը մուգ է ու բացասական էմոցիաներ է հաղորդում: Ոգեշնչվում եմ Պիկասոյից, Մոդիլիանիից: Նրանց ժամանակաշրջանի մասին պատմող ֆիլմերում երևում է, թե ինչ պայքար են մղում նկարիչները լավագույնը լինելու համար: Եթե մարդը հաջողությունների հասնելու ձգտում, ցանկություն ունի, անպայման ձեռքբերումներ կունենա, բայց մեր երկրում մի քիչ դժվար է. պետք է շատ-շատ աշխատել ու պայքարել, որ ինչ-որ բան ստացվի»,-անկեղծացավ նկարչուհին:
Անդրադառնալով դասավանդելուն՝ Անուշը պատմեց, որ ցուցահանդեսներից մեկի ժամանակ իր աշխատանքները շատ են հավանել և հրավիրել են դասավանդելու: «Տարիների ընթացքում հմտացա այդ գործում և հասկացա, որ հնարավոր է և՛ ստեղծագործել, և՛ սովորեցնել: Թե՛ աշակերտներից ես ինչ-որ բան քաղում, թե՛ դու ես նրանց տալիս, բացահայտումներ անում. մեկս մյուսին լրացնում ենք: Ներկայումս 15 սան ունեմ, և նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի»,-նշեց Անուշը: Նա ասաց, որ շուտով աշակերտների հետ նկարելու են Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո: «Ուզում եմ, որ մեծն շանսոնյեի ստեղծագործությունները ոգևորեն երեխաներին: Դասերին մասնակցելու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները»,-հայտնեց Անուշը:
Նկարչուհու աշակերտները, որոնք խանդավառությամբ էին կատարում իրենց հանձնարարությունները, ասացին, որ սիրում են ստեղծագործել և նորովի են ընկալում աշխարհը՝ գունեղ ու վառվռուն:
Տասնամյա Նազելին պատմեց, որ փոքր ժամանակ մայրն իրեն տարել է ցուցահանդես, որտեղ շատ գեղեցիկ կտավներ է տեսել: «Որոշեցի նկարչուհի դառնալ: Ընկեր Անուշն ինձ սովորեցնում է ավելի լավ նկարել: Երբեմն ինչ-որ բաներ չեն ստացվում, և նա դժգոհում է, բայց ես տանն էլ եմ աշխատում՝ բացերը լրացնելու համար»,-խոստովանեց ապագա նկարչուհին:
Տասնամյա Նռանեն ասաց, որ բնապատկերներ է սիրում: «Հիմնականում նկարում եմ այն, ինչ երևակայում եմ: Կարդում եմ հեքիաթներ, դիտում եմ ֆիլմեր ու իմ հերոսներին եմ պատկերում»,-նշեց նա:
Տասնմեկամյա Լիանան էլ անկեղծորեն ասաց, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան այցելելուց հետո որոշել է նկարչուհի դառնալ, իսկ իննամյա Սամվելը, չնայած լավ է նկարում, բայց ցանկանում է բժիշկ, ոստիկան կամ ջութակահար դառնալ:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի