«Մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե ռուսամետ է, այլ արդեն կարող ենք ասել, որ սա պուտինամետ է». Քաղտեխնոլոգ

«Նախորդ տարի, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության գլուխ եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն մեկ գիծ է առաջ տանում՝ ապացուցել Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չունի արտաքին որևէ հետք։ Բոլոր հնարավոր վայրերում ու միջոցներով ուզում է ապացուցել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ լավ է։ Մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե ռուսամետ է, այլ արդեն կարող ենք ասել, որ սա պուտինամետ արտաքին քաղաքականություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին։

Ըստ նրա, նախկինում կային որոշ հասարակական շրջանակներ, որոնք  նման քաղաքականության համար Սերժ Սարգսյանին քննադատում էին՝ նրան անվանելով «վասալ», իսկ այսօր նույն մարդիկ լռում են, ինչը, քաղտեխնոլոգի խոսքով՝ խնդիր է։

Նրա դիտարկմամբ,  Հայաստանն այսօր չունի արտաքին օրակարգ՝ չկա հայ-իրանական տնտեսական, հայ-վրացական քաղաքական-տնտեսական, հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ։

«Եթե Փաշինյանն ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպի, ծանոթանան, երկրորդ նախադասությունն ի՞նչ է լինելու։ Վարչապետն ասելու է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվելու, ԱՄՆ նախագահն էլ կասի՝ արդեն 1500 անգամ լսել է, հետո՞, պետք է նկարները կախի ու ասի, թե փողո՞ց է փակել, Թրամփն էլ պետք է ասի՝ հետաքրքիր է՝ այս ո՞վ է։

Օրակարգ չկա ԱՄՆ-ի հետ, որն այսօր փոխում է  աշխարհը։ Չինաստանից էլ միայն փող են ուզում Հյուսիս-Հարավ ճանապարհը սարքելու համար, արաբական աշխարհի հետ որևէ կապ չունեն, և այսպես շարունակ»,- ասաց Արմեն Բադալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս