Ճապոնիայում աշխատունակ բնակչության բաժինը ռեկորդային ցածր մակարդակ է արձանագրել
Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում կրճատվել է 263 հազար մարդով (0,21 տոկոս), նրա աշխատունակ հատվածի բաժինը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել 1950 թվականից ի վեր: Այդ մասին հայտնել է երկրի համազգային գործերի նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ Ճապոնիայի բնակչությունն այժմ կազմում է 126,44 միլիոն մարդ: Ընդ որում՝ 15-ից մինչեւ 64 տարեկան աշխատունակ քաղաքացիների բաժինը կազմում է ընդամենը 59,7 տոկոս: Դա ամենացածր ցուցանիշն է 1950 թվականից ի վեր, երբ սկսել են նմանօրինակ վիճակագրություն վարել: Բացի այդ ցուցանիշից, ռեկորդային են դարձել նաեւ մյուս թվերը:
Ամենափոքրաքանակն էդարձել մինչեւ 15 տարեկան բնակչությունը, երեխաների եւ դեռահասների թիվը Ճապոնիայում 15 մլն 415 հազար է: Սա 170 հազարով պակաս Է, քան նախորդ տարի, բաժինը բնակչության ընդհանուր կազմում հավասար է 12,2 տոկոսի, ինչն ամենացածր ցուցանիշն է դարձել նմանօրինակ վիճակագրություն վարելու ողջ ժամանակաշրջանում:
15-ից մինչեւ 64 տարեկան աշխատունակ բնակչությունը մեկ տարում կրճատվել է 512 հազարով եւ կազմում է 75 մլն 451 հազար մարդ: Նրա բաժինը ամենացածրն է դարձել 1950 թվականից ի վեր՝ կազմելով 59,7 տոկոս:
Ընդհակառակը, այն ցուցանիշները, որոնք արտացոլում են հասարակության ծերացման մակարդակը, շեշտակիորեն վեր են ընթանում: Այսպես, 65-ից բարձր տարիքի մարդիկ Ճապոնիայում 35 մլն 578 հազար են:
Նախորդ տարվա համեմատությամբ, աճը կազմել է 426 հազար, իսկ բաժինը՝ 28,1 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դարձել նմանօրինակ վիճակագրություն վարելու ժամանակաշրջանում: Ընդ որում՝ այս կատեգորիայում ավելի քան կեսը նրանք են, ում տարիքը գերազանցում է 75-ի նշագիծը, այդպիսիք 17 մլն 975 հազար են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: