
Թուրքիայում հիմնվելու է ավիացիոն դետալների արտադրության գործարան, որն իր մեծությամբ 4-րդ կլինի աշխարհում

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ) հիմնելու է ինքնաթիռների, ուղղաթիռների ու այլ ավիացիոն միջոցների համար նախատեսված կոմպոզիտային դետալների արտադրության գործարան:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ գործարանը լինելու է Թուրքիայում ամենամեծը, իսկ աշխարհում՝ մեծությամբ 4-րդը: 181 մլն ԱՄՆ դոլար ներդրումով կառուցվող գործարանը 95.000 քմ. փակ արտադրական տարածք է ունենալու:
Նախատեսվում է, որ նոր հիմնվող գործարանը պիտի բավարարի աշխարհում ավիացիոն միջոցների կոմպոզիտային դետալների պահանջարկի 2 տոկոսը:
Գործարանում բացի արդեն նախանշված դետալների արտադրությունից կատարվելու է նոր դետալների նախագծում և դրանց սերիական արտադրություն:
Նշվում է, որ արտադրական գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով օգտագործվելու են հատուկ ռոբոտներ, ինքնավար հոսքագծեր ու արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիաներ:
Գործարանն արտադրելու է դետալներ ինչպես Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության կողմից արտադրվող ավիացիոն միջոցների, այնպես էլ՝ համաշխարհային այնպիսի ավիացիոն ընկերությունների համար ինչպիսիք են «Airbus»-ը, «Boeing»-ը և այլն: