ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ապրիլի 10-ին կայացել է գիտխորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը։
Ինչպես Ինչպես տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել է երկու թեկնածու՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը:
«Ծրագրային ելույթով առաջինը հանդես եկավ Սամվել Աբրահամյանը: Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց այն ամբիոններին, որոնք առաջադրել են իր թեկնածությունը, ապա անդրադարձավ ֆակուլտետում իր ծավալած աշխատանքներին, որոնք վերաբերում էին ինչպես ֆակուլտետի՝ տարբեր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա) բուհերի հետ ունեցած սերտ համագործակցությանը, այնպես էլ ֆակուլտետում տիրող առողջ մթնոլորտին: Նա ներկայացրեց 2019-2024 թթ. համար մշակված այն ռազմավարական ծրագիրը, որով առաջնորդվելու է ֆակուլտետն իր ընտրվելու դեպքում: «2019-2024 թթ. ֆակուլտետի գործունեության ռազմավարական նպատակներից են լինելու որակյալ կրթության, բարձրորակ հետազոտությունների և որակյալ հանրային ծառայությունների ապահովումը»,- նշեց Ս. Աբրահամյանը: Վերջինս ընդգծեց, որ պետք է շարունակել ֆակուլտետի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրագործմանը միտված աշխատանքները՝ ըստ ժամանակացույց-պլանի, վերհանել եղած թերությունները և հաշվի առնել դրանք ֆակուլտետի զարգացման նոր ռազմավարական ծրագիր մշակելիս: Միաժամանակ, ըստ Աբրահամյանի, պետք է զարգացնել ուսանողների գործնական հաղորդակցական հմտությունները, ինչին հասնելու համար պետք է ավելացնել ֆակուլտետում դասավանդվող լեզվակիր դասախոսների թիվը. «Անհրաժեշտ է համագործակցել դեսպանատների, լեզվակիր երկրները ներկայացնող համապատասխան կազմակերպությունների և անձանց հետ: Չեմ կարող չնշել նաև այն մեծ ներդրումը, որն ունի Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իտալերենի դասավանդման գործում»: Ծրագրային իր ելույթում Սամվել Աբրահամյանը կարևորեց ֆակուլտետի ուսանողական կառույցների՝ ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի ներգրավվածության ավելացումն ուսանողությանը վերաբերվող հարցերի քննարկման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների գործում: Դեկանը ելույթն ավարտեց՝ անդրադառնալով ուսանողների հուզող հարցերին՝ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների բացակայությանը. «Դասախոսների ձեռնարկները և մասնագիտական գրքույկները հասանելի են դառնալու էլեկտրոնային եղանակով, ինչն էլ լավ հնարավորություն կընձեռի ուսանողին՝ գտնելու անհրաժեշտ տեղեկատվությունը»:
Մինչև ծրագրային ելույթը սկսելը՝ Գևորգ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի դեկան պարոն Աբրահամյանին՝ տասը տարիների համատեղ աշխատանքի համար: Գևորգ Բարսեղյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, դրա հետ կապված ապագայի տեսլականը և զարգացման ռազմավարության թիրախային նպատակները՝ կրթության արդիականացում և որակի ապահովում, գիտակրթական գործունեության բարելավում, գիտահետազոտական և նորարարական գործունեության արդիականացում, նոր և արդյունավետ ենթակառուցվածքների ստեղծում, որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկում, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինում, միջազգային կապերի և համագործակցության ընդլայնում: Ըստ նրա՝ ֆակուլտետի առաջնային նպատակներից է ուսանողներին առաջարկել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքների հետ համատեղելի ծրագրեր: «Այդ ամենին զուգահեռ՝ պետք է խթանել ֆակուլտետում առավել ինքնավար գործունեություն իրականացնելու գործընթացը՝ կապված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մասնագիտական առարկաների ժամաքանակի ձևավորման հետ»,- ընդգծեց Գևորգ Բարսեղյանը: Նա կարևորեց ֆակուլտետում դասավանդվող լեզուների գործնական իմացության բարձր մակարդակի ապահովումը, ինչպես նաև մասնագիտական լեզվի խմբերում ուսանողների բաշխումը՝ ըստ լեզվի իմացության մակարդակի. «Ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռնարկել ֆակուլտետի լսարանները տեղեկատվական տեխնոլոգիական միջոցներով հագեցնելու գործը, պարբերաբար կազմակերպել ֆակուլտետի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումներ՝ ծագած ընթացիկ խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»:
Ֆակուլտետի աշխատանքը կանոնակարգելու գործում Գ. Բարսեղյանը կարևորեց որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկումը: Ելույթի վերջում նա կարևորեց միջազգային կապերի ընդլայնումը և նոր համագործակցությունների ձեռքբերումը: Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ դարձան»,- նշված է հաղորդագրության մեջ: