Բաժիններ՝

Ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի աշխատակիցների և հաճախորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի՝ 29-ամյա բնակչին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, դիմակավորված, «Մակարով» տեսակի 4,5մմ տրամաչափի՝ իր անվամբ հաշվառված օդաճնշիչ ատրճանակով, նռնականման կրակայրիչով, էլեկտրաշոկով և արցունքաբեր գազ արձակող սարքով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել դրամարկղում առկա գումարը։ Աշխատակիցը, սպառնալիքներն իրական ընդունելով և սրահում գտնվողների կյանքի և առողջության համար իրական վտանգ զգալով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին է տվել դրամարկղում առկա առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 6 341 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 29-ամյա տղամարդը, 2015 թվականից մինչև 2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով ՍՊ ընկերությունում, սրճեփ սարքեր վարաձակալությամբ վերցնելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել հիշյալ ՍՊ ընկերության տնօրենի հետ, վաճառել դրանք, իսկ ստացված գումարը՝ յուրացրել:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը թվով 7 տարբեր տեսակների սրճեփ և 1 քաղցրավենիք և խմիչք տրամադրող սարքերը առանց ՍՊ ընկերության տնօրենի գիտության վաճառել է տարբեր անձանց՝ այդկերպ յուրացնելով ՍՊ ընկերրությանը պատկանող, վարձակալության պայմանագրերով իրեն վստահված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 13 940 000 ՀՀ դրամ արժողությամբ ուրիշի գույք:

Բացի այդ, 29-ամյա տղամարդը, ՍՊ ընկերության տնօրենի անունից, վերջինիս փոխարեն և առանց նրա գիտության, կազմել է իրավունք վերապահող, սրճեփ սարք վաճառելու վերաբերյալ ակնհայտ կեղծ առքուվաճառքի պայմանագիր՝ իր ձեռագրով կատարելով գրառումներ, այն կնքելով հիշյալ ՍՊԸ-ի պահեստապետի կնիքով և ստորագրելով ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում յուրացման եղանակով հափշտակված սարքերից 6-ը հայտնաբերվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 29-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս