Երևանում ցուցադրվում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների գեղանկարներն ու գծանկարները
16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները, որոնք բերվել են Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից, ցուցադրվում են Երևանում:
«Գույնի ձևը. վերածննդից ռոկոկո» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորին երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար: Այս ցուցահանդեսը եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Վինչենցո դել Մոնակոյի, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում նրա նախորդների երախտավոր ջանքը»,-նշեց վարչապետը:
Նա շեշտեց, որ աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող: «Արդի մշակութային արեալում այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Նույն հոգևոր արմատից սնուցվող, արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված՝ Կիլիկիան Հայաստանից մինչև Վենետիկ, մինչև Սուրբ Ղազար կղզի աշխարհիկ ու հոգևոր դասի բազմաթիվ նվիրական անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ-իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքը զգալիորեն պինդ է և հուսալի»,-ընդգծեց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին:
«Սա մեծ մշակութային նախաձեռնություն է, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կարևորագույն նպատակակետերին և թիրախներին: Ներկայացված ցուցանմուշների ընտրությունը նպատակային է արված: Ցուցադրված են գեղանկարներ, որոնք արվել են Հյուսիսային Իտալիայի տարբեր դպրոցների ներկայացուցիչների կողմից»,-ասաց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Նա վստահեցրեց, որ գարնան ավարտին և ամռանը շարունակվելու են համատեղ մշակութային նախաձեռնությունները, քանի որ Իտալիան և Հայաստանը հավատում են, որ արվեստը փառահեղ անցյալի տոնակատարությունն ու ցնցումը չէ, այլ ապագայի խորհրդանշումն ու իրականացումը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով` ժամանակավոր ցուցադրությունները լավագույն տարբերակն են թանգարանները ակտիվացնելու համար, և մշակույթների համագործակցությունն է նպաստում տարբեր մշակույթների զարգացմանը:
Ցուցահանդեսի կուրատոր Դոմինիկ Լորան ասաց, որ հույս ունի՝ ցուցահանդեսով նոր պատմություն պատմել, հանդես գալ նոր խոսքով և ցույց տալ, թե ինչն է կապում իտալացի և հայ ժողովուրդներին:
Ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Կանալետտոյի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Գվերչինոյի, Բեռնինիի, Բատոնիի մեծարժեք գործերը հնարավորություն են տալիս դիտողին ավելի լայն պատկերացում կազմել տարբեր դարաշրջանների իտալական գեղանկարի հարստության ու բազմազանության մասին:
Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը: