Բաժիններ՝

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Կլայպեդայի քաղաքապետի և LCC համալսարանի ռեկտորի հետ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Կլայպեդա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 4-ին հանդիպել է քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասին (Vytautas Grubliauskas)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Շնորհավորելով Վիտաուտաս Գրուբլյաուսկասին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ դեսպանության և Կլայպեդայի քաղաքային իշխանությունների հետ հաստատված համագործակցությունն էլ ավելի կխորանա և կամրապնդվի։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը, նշեց, որ Կլայպեդան պատրաստ է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքների հետ և զարգացնել երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Կլայպեդայի և Հայաստանի քաղաքների միջև տնտեսական և մշակութային կապերի հաստատման, զբոսաշրջության խթանման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կլայպեդայի քաղաքապետը առանձնահատուկ շեշտեց հայ համայնքի ունեցած դերը քաղաքի զարգացման գործում՝ այն համարելով որպես Կլայպեդայի ամենակատիվ և կազմակերպված համայնքներից մեկը։

Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելեց Կլայպեդայի “LCC” միջազգային համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ ռեկտոր Մառլին Ուոլի հետ (Marlene Wall): Ռեկտոր Ուոլը դեսպան Մկրտչյանին շնորհակալություն հայտնեց համալսարանին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ նաև հայ ուսանողները շարունակում են իրենց ուսումը բուհում։ Ռեկտորի խնդրանքով Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Լիտվայում ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցության առավել ակտիվ ոլորտներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Ռեկտոր Ուոլը դրվատանքի խոսքեր հնչեցրեց “LCC” միջազգային համալսարանում սովորող հայ ուսանողների հասցեին՝ հույս հայտնելով, որ համալսարանի և Հայաստանի ԲՈՒՀ-երի միջև հաստատված համագործակցությունը առաջիկայում կընդգրկի նորանոր ոլորտներ։

Համալսարան կատարած այցի շրջանակներում դեսպանը հայ և արտասահմանցի ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունները, միջազգային ասպարեզում Հայաստանի հաջողություններն ու մարտահրավերները, պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս