«Վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում… այդ թեման, խնդրում եմ, փակեք». Արթուր Վանեցյանը՝ իր մոր՝ աշխատանքից ազատման մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է վարչապետի հրամանով իր մայրն ազատվել աշխատանքից:

ԱԱԾ ղեկավարի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, հիշեցնենք, զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
«Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Եվ այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է՝ իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»,- ասաց Ա.Վանեցյանը:

Նա չմեկնաբանեց նաև վարչապետի մամուլի խոսակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, թե վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարվել, և միայն նշեց, որ ինչ ասվել է՝ ասվել է. «Եկեք այս գործընթացը մի անձնավորեք։ Իմ մայրն աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ որ ես անգամ եղել եմ դպրոցական, իմ մայրը շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, և իմ ու իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի կապեք, և այդ թեման, խնդրում եմ, փակեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս