Պատերա՞զմ, թե՞ անարդյունք բանակցություններ. Ո՞ր սցենարով կշարունակվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցին զուգահեռ՝ ակտիվացել են քննարկումները կարգավորման ներկայիս գործընթացի, շփման գծում տիրող իրավիճակի և առաջիկա զարգացումների մասին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ պաշտոնական վերջին հայտարարություններում հակամարտող կողմերը բավականին կոշտ հռետորաբանություն են սկսել կիրառել, որը հատուկ չէր նրանց վերջին ամիսների ընթացքում օգտագործած բառապաշարին:
Առաջին չհամաձայնեցված բնույթի անդրադարձը, ավանդույթի համաձայն, հնչեց ադրբեջանական կողմից: Թեև Իլհամ Ալիևը պնդեց, որ Վիեննայի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և կարևոր է եղել, Ադրբեջանում նա վստահեցրեց, որ բանակցություններն անցնում են նախկին ձևաչափով, և ձևաչափի փոփոխություն չկա: Չնայած սա ներքին լսարանին ուղղված հայտարարություն էր, սակայն դրան արձագանքեց ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերում՝ ակնարկելով ադրբեջանական կողմին՝ չանել հայտարարություններ, որոնք չեն տեղավորվում իրենց Վիեննայի օրակարգի շրջանակում և որոնք սրում են մթնոլորտը կողմերի միջև:
Հարկ է նշել, որ բավականին մեծ քննարկումների տեղիք տվեց նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը փոխում է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով: Նա նշել էր, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։

«Ես ինչ որ ասել եմ, ասել եմ՝ որպես պաշտպանության նախարար։ Նորից կրկնում եմ, Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն՝ զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է։ Պետք է հասարակությունն էլ դա ընդունի»,- ասել էր Դավիթ Տոնոյանը, ում խոսքերն ադրբեջանական կողմը որակել էր՝ որպես ռազմատենչ և կոմպրոմիսների չգնալու դիրքորոշում: Ավելին՝ դրան հաջորդել էր Ալիևի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը պետք է գտնի իր լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է»,- Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ ասել էր նա:
Ալիևը նաև հայտարարել էր. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»: Ըստ նրա՝ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր «այդ թվում` բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»:
«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
Կողմերի միջև առկա խոր տարաձայնությունները տեսանելի են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հարցազրույցում, որտեղ նա անդրադառնում է կարգավորման հայկական օրակարգին, բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցին և հայկական կողմերի համար ընդունելի կարգավորմանը:

«Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղն ուզում են կարգավորում, որն արտահայտում է մեր կենսական շահերը. սա ամենակարևոր բանն է՝ կարգավորում, որն արտահայտում է մեր կենսական շահերը, կենսական նշանակություն ունեցող մեր դիրքորոշումները։ Այս կոնտեքստում է պետք ձևակերպել մեր մոտեցումները, պատկերացնել, թե ինչպես ենք մենք մտածում»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Արցախին բանակցային սեղան բերելու հնարավոր քայլերին` նախարարն ասել է, որ հայկական կողմը շարունակելու է այս հարցը հետևողականորեն առաջ տանել այն առումով, որ գտնենք ձևաչափը, որտեղ մենք կարողանանք իրապես արդյունավետություն հաղորդել այս գործընթացին և Արցախի մոտ ուժեղացնել այդ սեփականության զգացումը: «Մենք պարտավորության մեր մասը բավական լավ գիտակցում ենք և մասնակից ենք սրան, մենք բանակցող ենք և շարունակելու ենք այս գործընթացը, չենք անելու որևէ բան, որը խափանի գործընթացը: Սրա մասին բազմիցս խոսել է վարչապետը և հստակ արտահայտվել է այդ առումով»,- ասել է նա:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործընթացի ողջ տրամաբանությունը` հանդիպումները, դրան հաջորդած դիվանագիտական ու ռազմական ուղերձները, պարզապես արտահայտում են այն, թե որքան բարդ հակամարտություն է Ղարաբաղյան հիմնախնդիրը, և որքան տարբեր են կողմերի դիրքորոշումները միմյանցից: Ըստ նրա՝ ինչպես նախկինում, այսօր ևս չկա կողմերի միջև հատման կետ:

«Թերևս այդ կետն այսօր ստեղծվում է մթնոլորտ ձևավորելու անվան տակ, կողմերը, չունենալով քննարկման թեմա և անհրաժեշտ ձևաչափ, Արցախի մասնակցությամբ փորձում են մթնոլորտ ձևավորել հետագա շփումների համար՝ չունենալով որևէ այլ ելք, քանի որ, եթե չեն բանակցում, հայտնի չէ, թե ինչ պետք է անեն, ուստի հանդիպել հարկավոր է: Բայց որպեսզի այդ հանդիպումներն արդյունք ունենան, պետք է դրանց, ըստ հայկական կողմի՝ միանա Արցախը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան: Ու այսօր չկա լուրջ բանակցություն, ու քանի որ չկա, կողմերը նաև զսպող հայտարարություններ պետք է անեն, որովհետև հասկանում են, որ, եթե չկա լուրջ կարգավորման գործընթաց, ապա կարող են լինել միջադեպեր, ինչպես միշտ է պատահում:
Դժվար է այս պարագայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը՝ բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայտարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի, և այդ պարագայում այս հանդիպումների հեռանկարը կհայտնվի վտանգի տակ: Սրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ միջնորդները բավականին պասիվ դիրքում են և միայն իրենց միջնորդական առաքելությունն են իրականացնում: Այս հանդիպումներին հարկավոր է ընդհանուր և լուրջ օրակարգ, դրանով պետք է զբաղվեն նաև համանախագահները, չպետք է կարևորվի մեկ սկզբունքը մյուսի հաշվին, պետք է հավասարակշռված օրակարգ մշակվի»,- ասաց Հալբախը:
Թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը, անդրադառնալով իրավիճակին, նշեց, որ, ըստ իր ուսումնասիրության՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տարիների տրամաբանությունը նույնն է: Նրա խոսքով՝ պարզապես ինչ-ինչ դետալներ են փոխվում, որոնք էական փոփոխությունների չեն հանգեցնում:

«Երբ չկա կարգավորում, ակնհայտ է, որ կողմերը պետք է սկսեն խոսել պատերազմական լեզվով: Բայց Ադրբեջանն այսօր հակված չէ պատերազմ սկսել, քանի որ ապրիլյան պատերազմին չհաջողեց: Ադրբեջանն այսօր չունի նաև Թուրքիայի աջակցությունը, որը չափազանց էական հանգամանք է դիտարկվում Ադրբեջանի համար, քանի որ Թուրքիայում էլ այլ ներքին գործընթացներ են զարգանում: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանը թեև պահպանում է իշխանությունը, բայց այն կորցնում է մի շարք առանցքային քաղաքներում, իսկ դա երկրորդ պլան է մղում Թուրքիայի համար այնպիսի հարցերը, ինչպիսին ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելն է՝ բոլոր իմաստներով:
Ուստի, կարծում եմ, որ Ադրբեջանը ևս հակված է մասնակցել բանակցությունների առանց արդյունքի, քանի որ Ադրբեջանն ունի առավելապաշտական ցանկություններ, իսկ բանակցային ճանապարհը ենթադրում է փոխզիջումներ: Բայց այդ առավելապաշտական հավակնությունների բավարարման համար նախադրյալներ ես չեմ տեսնում, ուստի պետք է շարունակվի անարդյունք հանդիպումների շարք: Թե որքան դա կարող է շարունակվել՝ չեմ կարող ասել»,- ասաց նա:



