
Տոտտին ցանկանում է, որպեսզի Դե Ռոսսին գլխավորի «Ռոման»

«Ռոմայի» կիսապաշտպան և ավագ Դանիելե Դե Ռոսսին շուտով կարող է սկսել մարզչական կարիերա:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, 35-ամյա ֆուտբոլիստի նախկին թիմակից Ֆրանչեսկո Տոտտին, ով աշխատում է հռոմեական ակումբի համակարգում, ամռանը կարող է զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը: Տվյալ պաշտոնն առաջարկվել էր թիմի ներկայիս մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, սակայն սպասվում է, որ մասնագետը ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, կհեռանա:
Նշանակման դեպքում Տոտտին ցանկանում է Դե Ռոսսիին աշխատանք առաջարկել և նրան համարում է թիմի գլխավոր մարզչի լավ թեկնածու: Ինչպես հաղորդում է աղբյուրը, հաշվի առնելով նրա արժանիքները, կիսապաշտպանի համար դժվար չի լինի կարճ ժամանակահատվածում մարզչական լիցենզիա ստանալ:
Սերիա Ա-ի 29 տուրերից հետո «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը