Հայաստանի ղեկավարները խիստ կեցվածք են ընդունում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի դեմ

Թվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության  ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ: Սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարևոր հարցերի վրա:

2019 թ. մարտի 28-ին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության ենթարկեց Միացյալ Նահանգների կառավարության արձագանքի բացակայությունը անցյալ տարվա ժողովրդավարական փոփոխությունների վերաբերյալ, որոնց կնքել են «Թավշյա հեղափոխություն» անվամբ:

Մեկ տարվա ընթացքում Փաշինյանն առաջին անգամ է, որ նման կոշտ լեզվով է խոսում Միացյալ Նահանգները հիշատակելիս։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ վաղուց հանդես են գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում»,  հայտարարեց Փաշինյանը։ «Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ. իսկ Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք …. էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ էին ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել՝ համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ»:

Այնուհետև Փաշինյանը շարունակեց պաշտպանել Հայաստանի անկախ քաղաքական գիծը՝ անտեսելով հզոր պետությունների կողմից Երևանի վրա գործադրված ճնշումները: «Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է՝ մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից [Ռուսաստան] պետք է փոխարինենք Բ կետից [Միացյալ Նահանգներ]  կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում և ես ձեզ ուզում եմ հավաստիացնել…. որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»:

Նախագահ Թրամփի վարչակազմը մինչ օրս միայն խոսքերով է աջակցել Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ և խաղաղ փոփոխություններին: Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը շնորհավորական ուղերձ հղեց Փաշինյանին՝ բարձր գնահատելով «Թավշյա հեղափոխությունը» և պատրաստակամություն հայտնելով օգնել նոր կառավարությանը՝ իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ: Նմանապես, պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունեց Հայաստանում տեղի ունեցած «ուշագրավ փոփոխությունները»: Սակայն այդ գեղեցիկ խոսքերը մնացել են թղթի վրա: Հայաստանին օգնելու համար որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփի վարչակազմը անհոգ է օտարերկրյա պետություններում ժողովրդավարական զարգացումների մասին, ինչպես նաև Թրամփի՝ իր սեփական եսի ու անձնական շահերի վրա կենտրոնացած լինելու պատճառով …

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շատ դրական զարգացում է Հայաստանի արտաքին քաղաքականության համար և կտրուկ շրջադարձ Հայաստանի նախորդ ղեկավարների դիրքորոշումից: Առայժմ Հայաստանի վրա ճնշումների մեծ մասը գալիս էր Ռուսաստանից: Սա անխուսափելի փաստ է`հաշվի առնելով Հայաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական կախվածությունը Ռուսաստանից: Նոր զարգացումն այն է, որ Հայաստանի ղեկավարները այլևս չեն ցանկանում կուրորեն ենթարկվել Ռուսաստանի ցանկություններին և հրամաններին՝ ոտնահարելով երկրի ինքնիշխանությունը: Երբ Հայաստանի շահերը հարցականի տակ էին՝ Փաշինյանը չխուսափեց ոչ Եվրամիությանը քննադատելուց, ոչ Հայաստանի ինքնիշխանության վերահաստատումից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումներում:

Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է սիրաշահել Հայաստանին, ապա պետք է «բլիթ» առաջարկի՝ «մտրակի» փոխարեն: Ինչպես ասում են՝ «կարող ես ավելի շատ ճանճ բռնել մեղրով, քան քացախով»…

Անցյալ շաբաթվա երկրորդ ապշեցուցիչ նորությունը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն էր Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ընթացքում: «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», հայտարարեց  Տոնոյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք», հայտարարեց Տոնոյանը: «Ոչ մի բան չի զիջվելու»:

Թեև ոմանք կարող են Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեկնաբանել որպես ռազմատենչ, սակայն իրականում Տոնոյանը նույն կերպ արձագանքում է Ալիևի տարիներ շարունակ հնչող հազարավոր սպառնալիքներին՝ Մեղրին և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գրավելու մասին: Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները խոսեն ուժի դիրքերից, ոչ թե թուլության:

Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստ չէ պատերազմի, հակառակ դեպքում, նա արդեն հարձակվել էր: Պետք չէ լուրջ ընդունել նրա սպառնալիքները: Անհրաժեշտ է նրան լռեցնել հակադարձ սպառնալիքների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախահարձակումների…

Հայաստանի պաշտպանության նախարարը հստակ ուղերձներ է հղում Ադրբեջանի նախագահին, որպեսզի հիմար նախաձեռնության չտրվի: Հակառակ դեպքում, նրա խողովակաշարերը և նավթահորերը հարձակման կենթարկվեն՝ կործանելով երկրի տնտեսությունը և տապալելով նրա վարչակարգը: Նշանակալից է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը նման հզոր ուղերձ է հղում Ադրբեջանին, գտնվելով Միացյալ Նահանգների հողի վրա…

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս