Բաժիններ՝

Քառասուն մանկանց հիշատակի ժողովրդական սովորույթներն են լիճքը և ծնրադրությունը

Քառասուն մանկանց հիշատակի ժողովրդական սովորույթներն են լիճքը և ծնրադրությունը: Լիճքը որոշ բնակավայրերում կատարվել է եկեղեցում, այլ վայրերում՝ տանը: Բասենում, Դարալագյազում Միջինքի չորեքշաբթի երեկոյան եկեղեցում ջրով և ձեթով լի կոնք է դրվել, որը կոչվել է «լիճք», ուր եղեգնյա խաչի մեջ մինչև լույս պատրույգ է վառվել: Առավոտյան մաս-մաս բաժանվել է գյուղի տներին: Արարատյան գավառում և բասենցիների մոտ լիճքում վառվել է քառասուն պատրույգ:

Լիճքը խորհրդանշել է լճում մանուկների նահատակությունը, իսկ ջրի մեջ վառվող պատրույգի լույսը՝ այդ վայրում ծագած լույսը: Սվազում (Սեբաստիա) Քառասուն մանկանց տոնը մասնավոր նշանակություն է ունեցել, քանզի այն սրբերի նահատակության վայրն է: Քաղաքի հարավային կողմում է եղել սև, դառնահամ լիճը, ուր «Անցանէին ընդ ջուր, մաքրեալք որպէս զոսկի փորձելոյ ի հուր», և անդանօր «Պատուական արեանցն հեղելով, զկապուտակ զծովն վարդագոյն ներկէր»: Լճի մոտ գտնվել են բաղնիքի հետքերը, որտեղ ապաստանել է քառասուն զինվորներից այն մեկը, ով լքել է նրանց:

Քառասուն անգամ քառասուն, այսինքն՝ 1600 անգամ ծնրադրելը գրեթե ամենուր ընդունված է եղել: Դրան հիմնականում մասնակցել են երիտասարդ հարսներն ու աղջիկները՝ հաճախ հավաքվելով նշանված ընկերուհու տանը: Ընդունված է եղել տանել հալվա, գաթա, խեծաղ: Ծնրադրության ծեսը կոչվել է Քառասուն մանուկ, որի ժամանակ ամանի մեջ դրել քառասուն հատ բակլա: Աղջիկներից ամենափորձառուն ու նախաձեռնողը, համրիչը ձեռքին, հայտարարել է ծնրադրման արարողության սկիզբը: Այդ ընթացքում խմբով, երգեցիկ ձայնով արտասանել են.

Քառսուն մանուկը՝ լճին,
Թագն ու պսակը՝ ճտին,
Ինչ որ տվիր բաղնեցպանին,
Անոր կեսն ալ ինձի տուր:

Միջինքի շաբաթվա ընթացքում նաև ննջեցյալներին են հիշել՝ կապված քառասուն զինվորների նահատակության հետ: Գերեզմանատներ հիմնականում այցելել են շաբաթ կամ կիրակի: Հիշատակի հարգումը մեծ արարողություններով կատարվել է հատկապես Սեբաստիայում՝ Քառասուն մանկանց նահատակության վայրում:

Այսպիսով՝ Միջինքին և Քառասուն մանուկներին նվիրված տոները գարնանային շրջանի ամենասիրելի տոներից են եղել և դրանց նվիրված սովորույթները թարմ շունչ են հաղորդել Մեծ պահքի հոգեշահ ընթացքին:

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս