«Սերժին հանեցին, Նիկոլին դրեցին, դա ի՞նչ քաղաքացու օր». Պարույր Հայրիկյան
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:
«Լավ, այդքան ասացինք՝ հպարտ քաղաքացի, ու ձեզ մեղքի տակ դրեցինք՝ չհասկանալով, որ հպարտությունը մեղքերից մեկն է, բայց ի՞նչ ասել է՝ քաղաքացու օր: Դուք գիտե՞ք, թե քաղաքացի՝ ի՞նչ է նշանակում: Ո՞րն է քաղաքացու և մարդու, անհատի և քաղաքացու տարբերությունը: Քաղաքացի նշանակում է՝ պետություն ունեցող մարդ: Հիմա, եթե դու քաղաքացու օր ես ազդարարում, դա այն օրը կարող է լինել, որ օրը մարդը պետություն ունեցավ: 1991թ. սեպտեմբերի 21-ը քաղաքացու օրն է, թե չէ՝ Սերժին հանեցին, Նիկոլին դրեցին, դա ի՞նչ քաղաքացու օր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Սահմանադրություն ես ընդունել՝ լավ կամ վատ, իսկ Սահմանադրություն կարող է ունենալ միայն քաղաքացին: Սահմանադրություն ունեցող մարդիկ արդեն դառնում են քաղաքացիներ: Այս անգրագիտությունը պարտադրելը ինձ ևս մեկ անգամ եկավ հիշեցնելու, որ տոների և հիշատակի օրերի մասին մեր առաջարկը ստրատեգիական խնդիր է:
Այն, որ մենք առաջարկում ենք՝ մայիսի 28-ը կոչել ՀՀ անկախության վերականգնման օր, սեպտեմբերի 21-ը՝ ազգային ինքնորոշման օր, դա միայն պատմագիտական ճշգրտում չէ, դա հոգեբանության, քաղաքացու մտավոր կերտվածքի հետ կապված խնդիր է»,- հավելեց ԱԻՄ առաջնորդը:
Պարույր Հայրիկյանը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել նաև հերոսների ցանկը:
«Երանի ղեկավար լինի մեկը, ով մեր, այսպես կոչված, հերոսների ցանկը մի հատ կնայի: Ի՞նչ է նշանակում՝ Կարեն Դեմիրճյանն ազգային հերոս է, Ռիժկովն ազգային հերոս է: Դուք գիտե՞ք, որ Կարեն Դեմիրճյանը 1988 թվականին համալսարանում ուսանողների ներկայությամբ հայտարարել է՝ Հայրիկյանին և իր նմաններին պետք է գնդակահարել, որովհետև նրանք անկախություն են ուզում: Այդ մարդն այսօր ՀՀ ազգային հերոս է: Եվ սա հրապարակավ է ասել: Ես եմ իրեն պաշտոնի բերել: 1974թ. մեր Ազգային միացյալ կուսակցության գործունեության պատճառով Քոչինյանին հեռացրին ու նշանակեցին մարդու, ով նրանից վատը պետք է լիներ հայ ազգի համար: Միայն Գյումրիի զոհերի հանդեպ հարգանքը այդ «շինարարին» պետք է արգելեր լինել ազգային հերոս: Կամ ազգային բանակի գաղափարը պղծած մարդը՝ ազգային հերո՞ս է:
Նախագահական ընտրությունների ժամանակ ես տվել էի մեխանիզմը, թե ո՞ր դեպքում կարող է որևէ մեկը ազգային հերոս համարվել. անպայման պետք է ԱԺ փակ քվեարկության 90 տոկոս ձայն հավաքեր, նախագահի, վարչապետի, կաթողիկոսի, ՍԴ անդամների համաձայնությունն էլ պետք է լիներ»,- եզրափակեց նա:
Անի Կարապետյան