Վարչապետի աներորդին մեկնաբանում է՝ ինչու է օգնականի հետ գործուղվել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը զարմացած է, որ Դուշանբե կատարած իր այցն այսքան բուռն քննարկման նյութ է դարձել:

Իր հետ Տաջիկստան մեկնող անձի ով լինելը նրան հայտնի է դարձել մեկնման օրերին, իսկ անձի պաշտոնական դիրքի, ստատուսի մասին խոսակցությունները, ասում է՝ մանրուք է, շատ չեմ խորացել:

168.am-ի հետ զրույցում ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանն ասաց, որ նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի օգնական Թելմանի հետ վերջերս է ծանոթացել:

«Թելմանի հետ ծանոթացել եմ հանձնաժողովում և 4-5 անգամ հազիվ նրան տեսած լինեմ, այնպես որ, նրա հետ մտերիմ չեմ ու, առիթից օգտվելով, նրա հետ չեմ եկել այստեղ ժամանցի, ինչպես որ Ֆեյսբուքում են քննարկում»,- ասում է Հրաչ Հակոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին ընդունում է, որ՝ այո, օգնականի ստատուսով միջազգային խորհրդաժողովի մեկնելը գուցե այնքան էլ տեղին չէ, ու պատգամավորի օգնականի ստատուս ունեցող այլ երկրների մասնակիցների նա չէր հայտնաբերել այդ խորհրդաժողովում:

Մյուս կողմից, իր համար հասկանալի չէ, թե ով է այդ որոշումը կայացրել, ու չգիտի, թե ինչու, ասենք, «Իմ քայլը» դաշինքի 85 պատգամավորներից մեկի փոխարեն՝ ընտրվել է ոչ թե այլ խորհրդարանական ուժի պատգամավոր, այլ հենց Զեյնալյանի օգնականն է իր հետ գործուղվել:

«Ես այստեղ տեսնում եմ տարբեր երկրների օրենսդիրի անդամների, բայց կարծես խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչներն էլ քիչ չեն»,- ասաց Հրաչ Հակոբյանը և խուսափեց գնահատական տալ, թե ինչո՞ւ նախկին իշխանությունների կառավարման շրջանում պատգամավորի օգնականի ստատուս ունեցողները գործուղումների չէին մեկնում, բայց մեկնում են հիմա՝ իրենց իշխանության օրոք:

Նրա խոսքով՝ մարտի 27-29-ը Տաջիկստանի Հանրապետությունում ընթացող Երիտասարդների իրավունքների պաշտպանությանը նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու ողջ ծախսն իր վրա է վերցրել հրավիրող կողմը:

Հիշեցնենք, մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է 2 անձի համար Դուշանբեից ստացված գործուղման հրավերներից մեկը տալ իր օգնականին՝ ցանկացած այլ պատգամավորի փոխարեն: Իսկ օգնականին իր փոխարեն գործուղելու պատճառը հիմնավորել էր ԱԺ քառօրյայի քննարկումներով, ասել է՝ «հանձնաժողովի անդամները պիտի տեղում լինեին և անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենային»:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս