Համայնքների պալատը մերժեց Brexit-ի բոլոր ութ տարբերակները
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 27-ին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ փակուղում է գտնվում Եվրամիությունից երկրի դուրս գալու ձեւերի հարցում. պատգամավորները մերժեցին Brexit-ի բոլոր ութ տարբերակները, տեղեկացնում է BBC-ին: Տարբերակները, որոնք առաջարկվել էին իրենց իսկ պատգամավորների կողմից, ներառում էին բորոր հնարավոր գործողությունները՝ ԵՄ-ի հետ արագ ու վճռական խզումից մինչեւ Brexit-ի չեղարկումը, եւ դրանցից ոչ մեկը չհավաքեց նույնիսկ հարաբերական մեծամասնություն: Այսինքն՝ տարբերակներից յուրաքանչյուրի դեմ ավելի շատ պատգամավորներ քվեարկեցին, քան դրա օգտին:
Առավել շատ ձայներ հավաքած առաջարկություններից մեկն այն էր, որ ԵՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր դրվի հանրաքվեի (268 ձայն), Եվրամիության հետ մաքսային միության մասին առաջարկությունն ստացավ 264 ձայն, ԵՄ-ի հետ մաքսային միության եւ այլ ուղղություններով սերտ համագործակցության վերաբերյալ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջարկությունը՝ 237 ձայն: Նաեւ Համայնքների պալատը քվեարկեց բրիտանական օրենսդրության մեջ Brexit-ի նոր ամսաթվերի ամրագրման օգտին:
Այժմ Մեծ Բրիտանիան, ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Եվրամիության անդամները, միավորումից դուրս կգա ապրիլի 12-ին, եթե մինչեւ մարտի վերջը չքվեարկի տարբերակներից մեկի օգտին, կամ մայիսի 22-ին՝ փոխհամաձայնության հասնելու դեպքում: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել է վաղաժամկետ հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե խորհրդարանը հավանություն տա Brexit-ի շուրջ իր կառավարության կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքին: