Արտաքին առևտրի ցուցանիշներն ապշեցուցիչ են. Ինչպես ստանալ 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն
Վիճակագրական ծառայությունը հրապարակել է փետրվար ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Պարզվում է, ի հեճուկս չարախնդացողների, տնտեսությունը Հայաստանում լավ էլ զարգանում է։ Տնտեսական ակտիվությունը գնալով թափ է հավաքում, իսկ սոցիալական վիճակ բարելավվում է։ Վիճակագրական տվյալներով, մարդիկ սկսել են շատ ավելի լավ ապրել։ Ու այնքան էլ կարևոր չէ, որ իրականությունն այլ է։
Կարևորը՝ վիճակագրության ցուցանիշներով ամեն ինչ շատ լավ է. Հայաստանը բռնել է վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության ճանապարհը։
Բայց մինչ փետրվարի հեղափոխական զարգացումներին անդրադառնալը, անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ հետ գնալ հունվարի վիճակագրությանը։
Հիշեցնենք, որ այդ ամսին Վիճծառայությունը Հայաստանում գրանցել էր 6,1 տոկոս տնտեսական ակտիվություն։ Կարճ ժամանակ հետո այն դարձավ 6 տոկոս` ի հաշիվ արդյունաբերության ցուցանիշների վատացման։
Եվ ահա Վիճծառայությունը ևս մեկ անգամ թարմացրել է հունվարի ցուցանիշը։ Ըստ այդմ, տնտեսական ակտիվությունը եղել է ոչ թե 6,1 տոկոս, ինչպես հայտարարվել էր ի սկզբանե, այլ 5,5 տոկոս։ Վերանայվել են բազմաթիվ ցուցանիշներ։ Պարզվում է՝ հունվարին արդյունաբերության ոլորտում գրանցվել է ոչ թե 0,4, այլ 1,1 տոկոս անկում։ Հասկանալի է, տարվա հենց առաջին ամսին այնքան էլ նպատակահարմար չէր լինի տնտեսության իրական հատվածում անկման նման ցուցանիշ ներկայացնելը։ Հիմա, երբ դա այլևս անցյալում է, կարելի է հանգիստ թարմացնել։
Վերանայվել են՝ ինչպես միջին աշխատավարձի, այնպես էլ՝ արտաքին առևտրի ցուցանիշները։
Վարչապետի հայտարարած 200 հազար մարդու աշխատավարձի բարձրացման ազդեցությունը պետական հատվածի միջին աշխատավարձի վրա ունեցել է ոչ թե 6,5, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, այլ ընդամենը 2,1 տոկոսի ազդեցություն։
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին, առանց նման բարձրացումների, պետական հատվածում միջին աշխատավարձն ավելացել էր 3,2 տոկոսով։
Վերաթարմացվել են նաև արտաքին առևտրի ցուցանիշները։ Պարզվում է՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին նվազել է ոչ թե 3,3, այլ 9 տոկոսով։
Հիմա անդրադառնանք փետրվարի տնտեսական ակտիվությանը, որը նախորդ ամսվա վերանայված 5,5-ից հասել է 7,6 տոկոսի։ Եթե իրականում տնտեսությունն այդքան ակտիվ է, ապա պարզ հարց է առաջանում` ինչպե՞ս է, որ հարկային մուտքերը փետրվարին թերակատարվել են։ Ստացվում է, որ կամ տնտեսությունն այնքան ակտիվ չի եղել, ինչքան ներկայացվում է, կամ Պետեկամուտների կոմիտեն լավ չի աշխատել։ Հարցի պատասխանը թողնում ենք կառավարությանը։
Փետրվարին, բացառությամբ էներգետիկայի, տնտեսության մյուս բոլոր ոլորտներում աճ է գրանցվել։ Նույնիսկ արդյունաբերությունն է դուրս եկել հունվարի անկումային իրավիճակից և միացել աճին նպաստող այնպիսի ոլորտներին, ինչպիսին կապիտալ շինարարությունն է, առևտուրն ու ծառայությունները։
Չնայած էներգետիկան շարունակել է մեծ տեմպերով նահանջել, այնուհանդերձ դա չի խանգարել, որպեսզի արդյունաբերությունը գրանցի 4,7 տոկոս աճ։
Նշենք, որ փետրվարին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 14,5 տոկոսով։ Հունվարին նվազումն ավելի մեծ էր` 26,3 տոկոս։
Այդպիսի կտրուկ անկման պայմաններում, որքան էլ կարող է տարօրինակ լինել, այնուհանդերձ, հունվար-փետրվարի տվյալներով՝ արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ թեկուզ ոչ շատ, բայց ավելացել է։ Երկու ամսվա տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 21 տոկոսով, իսկ արդյունաբերությանն աճել 1,9 տոկոսով։ Թե ո՞րն է սրա տրամաբանությունը, հավանաբար կբացատրի Վիճակագրական ծառայությունը։
Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին բարձր աճեր են գրանցվել շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում։
Դատելով հրապարակված ցուցանիշներից` հունվարի անկումից հետո, փետրվարին կտրուկ ակտիվություն է դրսևորվել արտաքին առևտրի ոլորտում։ Մասնավորապես արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է՝ 28, արտահանումը` ավելի քան 32, ներմուծումը` գրեթե 26 տոկոսով։ Ըստ այդմ, առևտրի շրջանառությունն այդ ամսին կազմել է 568,2 մլն դոլար, որից 192,6 միլիոնը՝ արտահանման, և 375,6 միլիոնը` ներմուծման հաշվին։
Թվում է, թե իդեալական արդյունք է։ Բայց երբ փորձեցինք ցուցանիշները համադրել նախորդ տարի Վիճծառայության հրապարակած նույն ամսվա արտաքին առևտրի տվյալների հետ, ապշեցուցիչ պատկեր ստացվեց։
Պարզվեց՝ 2018թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 592,8 մլն դոլար։ Այսինքն` նույնիսկ 24,6 միլիոնով ավելի, քան այս տարի։ Այդ ամսին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 210 մլն դոլարի ապրանք։ Այլ կերպ ասած` առնվազն 7 միլիոնով ավելի, քան 2019թ. նույն ամսին։ Ներմուծումը կազմել էր 382,6 միլիոն` այս տարվա 375,6 մլն դոլարի դիմաց։
Թե ինչպե՞ս է այս ցուցանիշները համադրել Վիճծառայությունը, որ 2019թ. փետրվարին արտաքին առևտրի շրջանառության աճը կազմել է՝ 28, արտահանմանը` ավելի քան 32, իսկ ներմուծմանը` գրեթե 26 տոկոս, դժվար է ասել։
Նույն պատկերն է նաև երկու ամսվա կտրվածքով. եթե անցած տարվա հունվար-փետրվարին արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 98 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Վիճծառայությունն արձանագրել է 1 մլրդ 11 մլն դոլար։ 2018թ. առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 386,9 միլիոնի, այս տարի՝ 337,9 մլն դոլարի ապրանք։ 2018թ. հունվար-փետրվարին եղել էր 711 մլն դոլարի, 2019թ.` 678 մլն դոլարի ներմուծում։
Այս համադրումից ակնհայտ է, որ բոլորը ցուցանիշները վատացել են։ Սակայն Վիճծառայությունը տարեսկզբի երկու ամիսների հանրագումարում գրանցել է արտաքին առևտրի՝ գրեթե 32, արտահանման` 23, և ներմուծման` 37 տոկոսին մոտ աճ։
Մնում է ենթադրել, որ կիրառվել է սովորական դարձած վերանայումների և վերագնահատումների սկզբունքը։ Թեև անգամ այդ դեպքում նման մեծ տարբերություններ, որոնք, անշուշտ, էապես փոխում են տնտեսական ակտիվության պատկերը երկրում, անհնար է պատկերացնել։
Բոլորովին զարմանալի չէ, որ այս ամենից հետո տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 6,5 տոկոս։ Ըստ ամենայնի, սա վերջնական ցուցանիշ չէ և առաջիկայում դեռ կվերանայվի, բայց կտրուկ տեղաշարժեր հազիվ թե լինեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո վիճակագրական ծառայությունը վերանայեց արտաքին առևտրի շրջանառության վերաբերյալ տվյալները` ճշգրտելով դրանք։ Ըստ այդմ` տարեսկզբի երկու ամիսներին արտաքին առևտուրը ոչ միայն երկնիշ աճ չի ունեցել, ինչպես ներկայացվել էր ի սկզբանե, այլև 7,7 տոկոսով նվազել է։ Արտահանման ծավալները կրճատվել են 11,6, ներմուծմանը`5,6 տոկոսով։