Իրանական արտադրության շարժիչային յուղերի մաքսատուրքը 50 տոկոսով նվազել է՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը` նշեց, որ այդ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում, իսկ ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:
«Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի՝ սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք: Այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որի՝ կողմերը պարտավորվում են չկիրառել քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչնդոտների և սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական միջոցների ԱՀԿ բազային սկզբունքները»,- ասաց Ալբերտ Բաբայանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսական ապրանքների մասով՝ ԵՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ:
«Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը»,- շեշտեց փոխնախարարը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք այնպիսի ապրանքներ, որոնք նշված համաձայնագրով կազատվեն ակցիզային հարկով հարկվելուց։
«Մենք գիտենք, որ Իրանն արտադրում է բավականին որակյալ շարժիչային յուղ, որը ակցիզային հարկի պատճառով Հայաստանում բավականին թանկացել է, այս առումով որոշակի նորություն կա՞»,- հարցրեց պատգամավորը։
Ըստ Ալբերտ Բաբայանի, եթե խոսքը ՀՀ-ի կողմից կիրառվող ակցիզային հարկի մասին է, ապա համաձայնագիրը դրան չի անդրադառնում, այն միայն կարգավորում է ներմուծման մաքսատուրքերի նվազեցումը։
«Շարժիչային յուղերը համաձայնագրում առկա են, մաքսատուրքը դրանց մասով 50 տոկոսով նվազել է՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս»,- եզրափակեց Ա. Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան