120 դրամի փոխարեն՝ կաթը ֆերմերից գնելու են 190 դրամով
«Սպայկա» ընկերությունը պանրի գործարան է բացել: Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում կառուցված գործարանը նախագծվել է հայ և գերմանացի մասնագետների կողմից: Օգտագործվել են գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաները:
«Առաջին փուլում արտադրելու է կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ, իսկ երկրորդ փուլում ընդլայնելու է արտադրությունը՝ հասցնելով մինչև 2400 տոննայի, երրորդ փուլում՝ 8400 տոննայի: Սպառման հիմնական շուկաները ԵԱՏՄ երկրներն են, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի շուկաները, հատկապես՝ Դուբայը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կաթը բավարար է, հիմնական խնդիրը կաթի կայուն մատակարարումն է ֆերմերների կողմից:
Պանրի արտադրության տնօրեն Լևոն Թափչյանն էլ խոսելով կապույտ բորբոսով պանրի առավելության մասին՝ ասաց, որ նուրբ է ու ավելի թանկարժեք:
«Որակյալ պանիր արտադրելը բարդ է, կախված է հումքից ու տեխնոլոգիայից: Մեզ մոտ ամբողջ գործարանը ավտոմատացված է, և կաթի վերամշական գործընթացը կախված չէ մարդկային ֆակտորից: Որակյալ կաթի դեպքում կարող ենք ստանալ որակյալ պանիր: Կաթից մինչև պանիր՝ այս գործընթացը տևում է 40-60 օր»,- ընդգծեց նա:
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն էլ նշեց, որ գյուղացուն հատուկ սարքավորում է անհրաժեշտ, որ սար գնալուց ամեն ինչ պահպանի:
«Բակտերիաները պետք է քիչ լինեն, սառնարանը կողքը դրված լինի, սառեցնի, որպեսզի կաթը չթթվի, ու մենք էլ կարողանանք մթերել: Կաթի մթերման բնագավառում տեղի է ունենում հեղափոխություն՝ մեկ լիտրի համար վճարում ենք 190 դրամ, փոխարենը՝ միշտ եղել է 110-120 դրամ: Մեկ բան ենք պահանջում ուղղակի. պահպանել հիգիենայի կանոնները, կաթի որակը, ու խաբեություն չանեն, քանի որ լաբորատորիայում 100 տոկոսով ամեն ինչ երևալու է»,- հայտնեց Դավիթ Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ֆերմերին անհրաժեշտ սարքավորմանը, «Սպայկայի» տնօրենն ասաց, որ այն արժե 30-40.000 եվրո, բայց իրենք գտել են մատակարարի, ով 8000-9000 եվրոյով սարքավորումը տրամադրում է:
«Սա ֆերմերի համար շատ մատչելի է: Մի սարքավորումը երկու ժամում սպասարկում է 300 գլուխ կովի»,- մանրամասնեց Դավիթ Ղազարյանը:
Ընկերության տնօրենն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, որոնք վերաբերում են մրգի արտահանմանն ու դրա արդյունքում ՀՀ-ում մրգի շուկայում սկսվող թանկացումներին:
«Ներքին շուկան մի խառնեք արտահանման շուկայի հետ: Ուղիղ յոթ տարի առաջ ՀՀ-ում ծիրանի արտահանման գինը տատանվում էր 150-200 դրամի սահմաններում, մենք պահանջեցինք, որ ծիրանի որակը բարձրացնեն՝ ընդգծելով, որ պատրաստ ենք գնել 350-400 դրամով: Մեր ուզածն այն էր, որ սնկային հիվանդություն չլինի, քանի որ արտերկրում սուպերմարկետներն այդ ապրանքը չեն վերցնում: Այո՛, այսօր «Սպայկան» թելադրում է ծիրանի գինը: Ավելին՝ «Սպայկան» միակ կազմակերպությունն է, որ Հայաստանի Հանրապետությունում վաճառքով չի զբաղվում, միայն արտահանում է՝ սկսած 2008 թվականից»,- եզրափակեց Դավիթ Ղազարյանը:
Անի Կարապետյան