Բաժիններ՝

Թաիլանդում հետաձգել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումը

Մարտի 24-ին Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները պլանավորվում է հայտարարել մարտի 29-ին: Այդ մասին հայտնել են Թաիլանդի ազգային ընտրական հանձնաժողովում:

Հանձնաժողովում պարզաբանել են, որ մարտի 25-ին ավելի ուշ կհայտարարվեն քվեարկության արդյունքները խորհրդարանի 350 տեղերի վերաբերյալ, սակայն մնացած 150 տեղի համար տրված ձայները հաշվելու համար եւս մի քանի օր է պահանջվում: «Փհեու Թայ» ընդդիմադիր կուսակցությունում, որն ստացել է ընտրողների առնվազն 6,6 մլն ձայներ, արդեն հայտարարել են հաղթանակի մասին եւ խոստացել կառավարություն ձեւավորել մյուս այն ուժերի հետ միասին, որոնք քաղաքական համանման հայացքների հետեւորդներ են:

Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, ոչ պաշտոնական տվյալները ցույց են տալիս զինվորականների կողմնակիցների «Փալանգ Փրաչարատ» կուսակցության հաղթանակը: Ինչպես նշում է CNN-ը, կառավարող ուժերի քննադատները համոզված են, որ ընտրություններն անցկացվել են այնպես, որ գերակշռություն ստանան հենց զինվորականները:

CNN-ը նաեւ նշում է, որ ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգելը իրարանցում է առաջացրել երկրում: Twitter-ի թայլանդական սեգմենտում տարածում են ստանում #PoTaek, ինչը կարելի է թարգմանել որպես «անուշադիր խաբեբաներին արագորեն կբացահայտեն» եւ #KongLuangTang (կեղծ ընտրություններ) հեշթեգները: Քննադատները ուշադրություն են դարձնում ձայների հաշվման վիճելի գործընթացի վրա, երբ շուրջ 2 միլիոն քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր:

Նախօրյակին Թաիլանդում անցկացվել են վերջին ութ տարվա ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները: Ձայնի իրավունք ունեցող թաիլանդցիները պետք է ընտրեին Թաիլանդի խորհրդարանի ստորին պալատի 500 պատգամավորների: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80 տոկոս: Այժմ վարչապետի պաշտոնն զբաղեցնում է գեներալ Փրայուտ Չան-Օչան, որը իշխանության է եկել 2014 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս