Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է բանավեճի ժամանակ
Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, TV5 հեռուստաալիքի տաղավարում Ազատ Արշակյան & Գուրգեն Եղիազարյան քաղաքական բանավեճի ժամանակ կտրուկ վատացել է Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը:
Գուրգեն Եղազարյանն անմիջապես հասկացել է, որ գործընկերոջ մոտ սրտի սուր նոպա է սկսվել, անշարժացրել է նրան ու հաղորդավարուհու՝ Ագնեսա Խամոյանի հետ շտապօգնություն են կանչել:
Քաղաքական գործչին արագ տեղափոխել են «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն: Ազատ Արշակյանին միանգամից վիրահատարան են ուղեկցել, բժիշկները ստենդավորման վիրահատության միջոցով նրա մոտ սրտի կաթված են կանխել և կատարել են տրոմբի հեռացում:
«Իմ սրտի «Brexit-ը» կանխվեց բանավեճի շնորհիվ, հակառակ դեպքում այդ օրը ես կլինեի Ղարաբաղի ճանապարհին, և Աստված գիտի, թե ինչեր դեռ պիտի լինեին… հաղորդավարուհի Ագնեսան զանգեց, չհրաժարվեցի… հետո Գուրգենի հետ փրկեցին ինձ տաղավարում: Եթե Գուրգենը սրտի ցավից այդքան լավ գլուխ չհաներ, գրագետ ձևով չանշարժացներ ինձ, հաստատ դուրս գայի ստուդիայից՝ կգնայի դեպի հեռու կայանած մեքենաս, ու հնարավոր է՝ վեցերորդ անգամ սրտի մասնագետների օգնությունն այլևս ավելորդ համարվեր… Փառք Աստծո, լավ եմ, ամուր եմ ինձ զգում»,- 168.am-ին իր հետ կատարվածի մանևամասները պատմեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Գուրգեն Եղիազարյանի ճնշմա՞նը չդիմացաք»,- մեր հումորով հարցին պարոն Արշակյանը հումորով հակադարձեց.
«Այդ իմ ճնշումը մեծ եղավ նրա վրա, պարզապես Գուրգենը դիմացավ, սիրտս չէ… (ծիծաղում է.- Ս.Բ.) : Բժիշկներն ասել էին, որ ամռանը պիտի նորից ստուգում անցնեմ, բայց իրադարձությունները մեզնից առաջ ընկան, բախտս բերեց, որ բանավեճով ամեն բան արագ կարգավորվեց՝ դրսում չէի, բարդություններ չառաջացան»,- ասում է Ազատ Արշակյանը:
Քաղաքական գործիչն այսօր արդեն լավ էր զգում իրեն, հիվանդանոցում է, դեռևս դուրս չեն գրել, 168.am-ի միջոցով իր անչափելի երախտիքի զգացողությունը փոխանցեց իր կյանքը փրկած բժիշկներին, ԲԿ անձնակազմին, ստուդիայի աշխատողներին ու իրեն առողջություն մաղթող բոլոր մարդկանց:
Սյուզի Բադոյան