Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Եթե որոշել են մարդուն կալանավայրից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, նշանակում է` նրա առողջական վիճակը լավ չէ։ Սա իմ տիրույթից դուրս է, մեկուսարանի բժիշկներն են դա որոշել, երևի կոնսուլտացիա են արել և եկել եզրակացության, որ իմ պաշտպանյալի հետագա բուժումը պետք է կատարվի քաղաքացիական հիվանդանոցում»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս պահին դեռ չի ճշտել, թե Մ. Գրիգորյանը որ հիվանդանոցում է, կճշտի և վաղը կայցելի նրան։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի վերջինա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց բուժման։
Փաստաբանի դժվարացավ ասել, արդյո՞ք այդ միջնորդությունն են հաշվի առնել, որ Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց, թե՞ ոչ:
«Բժիշկներն ինձ ահազանգեցին, որ առողջության հետ կապված խնդիրներ կան, միջնորդությունը ես արեցի։ Չեմ բացառում, որ սա նաև կապված լինի Եվրոպական դատարան ներկայացրած բողոքի հետ, քանի որ անհապաղ միջոցների մեջ մտած էր նաև ստացիոնար բուժումը»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, գույքի հափշտակություն կազմակերպելու և հարկերից խուսափելու համար։ Նա ձերբակալվել է նախորդ տարվա հունիսին։
Զվարթ Խաչատրյան