«Հույս ունեմ, որ Ֆինլանդիայի դեմ ավելի լավ կխաղանք». Մխիթարյան
Եվրոպայի առաջնության որոկավորման փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն՝ 2:1 հաշվով:
Խաղից հետո լրագրողների հետ է խոսել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով 11 մետրանոց հարվածից հետո գրավեց մրցակցի դարպասը:
«Կարծում եմ, որ 1:0 հաշվի ժամանակ մեզ պակասեց գոլը, մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց: Հակառակ էֆեկտը եղավ՝ գոլ բաց թողեցինք, որը ինչ-որ չափով վերջակետ դրեց խաղին: 11 մետրանոցից հետո որոշ հույսեր կային, բայց արդեն ոչինչ անել չէինք կարող:
Կարծում եմ, որ փորձն էր պակասում: Նման հավաքականների հետ խաղերը բարդ են, հատկապես երբ տալիս ես տարածություն և ժամանակ: Առաջին խաղակեսում ավելի շատ պաշտպանվում էինք, բայց վերահսկում էինք խաղը: Մրցակիցը ինչ-որ լուրջ պահեր չունեցավ, չնայած որ կարողացավ անկյունային հարվածից գոլ խփել: Դրանից բացի նրանք հարյուր տոկոսանոց պահ չունեցան:
Երկրորդ խաղակեսը մենք ավելի լավ սկսեցինք՝ ավելի շատ տարածություն և հնարավորություններ ունեինք: Բայց ինչ-որ տեղ չստացվեց: Կարծում եմ, որ առաջին հանդիպումն էր և տղաները դեռ հունի մեջ չեն մտել:
Կարծում եմ, որ տղաները լավ խաղացին և հույս ունեմ, որ Ֆինլանդիայի դեմ ավելի լավ կխաղանք»,- նշել է Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան