Պատվախնդրության դասեր տվողը

Նորանկախ Հայաստանի պատմության ամենահակասական և ամենամութ անցյալով պետական պաշտոնյաներից մեկը՝ Պաշտպանության նախկին փոխնախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի կառավարության անդամ Վահան Շիրխանյանը, ում անունը մշտապես կապված է եղել տարատեսակ կոռուպցիոն գործարքների ու հակաօրինական այլ գործունեության հետ, ով օր ծերության նաև հասցրեց աչքի ընկնել Նորք-Մարաշի զինված խմբի գործով, երևի թե իր անիմաստ գոյությունն իմաստավորելու ու օրվա իշխանություններին հաճոյանալու, ինչպես նաև, թերևս, իր մասին հիշեցնելու համար օրերս բաց նամակ հրապարակեց՝ ուղղված կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ամենևին չխորանալով այդ նամակի՝ մեղմ ասած, ծեր մարդուն անվայել ձևակերպումների, իր երազանքների իրադարձություններն իրականության փոխարեն ներկայացնելու, անհեթեթ պնդումների ու Գյուլնազ տատի հեքիաթներին վայել դեպքեր նկարագրելու իրողության մեջ՝ այս նամակով ոգեշնչվածներին խորհուրդ կտայինք հետաքրքրվել, թե ով էր Վահան Շիրխանյանը հեղափոխությունից առաջ։

Այս մարդուն, ով կալանավայրում եղած ժամանակ իրեն ներկայացնում էր՝ որպես ծանր հիվանդ, ով իբր թե չի կարողանում քայլել, ու այնքան ծայրահեղ վատ է վիճակը, որ կարող էր մեռնել, բայց իրականում շատ լավ քայլում էր, ու, ինչպես տեսնում ենք, ոչ էլ մեռնողի տեսք ունի, թվում է, թե ոչ ոք ոչինչ չի հիշում։

Մարդ, ով շանտաժի էր ենթարկում ողջ պետական ապարատը, ում համար կատարվում էին հնարավոր ու անհնարին բոլոր հետազոտությունները՝ սկսած ամենաթանկարժեքներից՝ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների հետազոտություններ, քաղաքացիական հիվանդանոցներում այլ թանկարժեք կոմպլեքս հետազոտություններ, հրավիրվում էին բժշկական կոնսիլիումներ հանրապետության լավագույն ոլորտային բժիշկների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել, այդ թվում՝ Վահան Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից, որոնք այդպես էլ լուրջ բաներ չէին հայտնաբերում, այսօր խոսում է բարոյական արժեքներից։

Ընդ որում, այդ ամենն արվում էր բացառապես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում։

Եվ նկատի ունեցեք, որ այն գումարները, որը պետությունն անիմաստ կերպով վատնում էր այս մարդու քմահաճույքները բավարարելու համար, հանգիստ կարող էր ծախսել սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների կամ ազատամարտի մասնակիցների առողջական խնդիրները լուծելու համար, բայց այդ մարդիկ Վահան Շիրխանյանի նման, երևի թե, չէին տիրապետում շանտաժի արվեստին, որ պետությունից իրենց էլ մի բան բաժին հասներ։

Մի մարդ, ով իր շոուն ապահովելու համար պարբերաբար կարող էր հրաժարվել՝ ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից, ով շատ լավ քայլում էր, բայց պնդում էր, որ իրեն դատական նիստերին մասնակցելու նպատակով դատարան տեղափոխեն պատգարակով, և երբ չէին ենթարկվում իր շանտաժին, հրաժարվում էր առհասարակ մասնակցել իր գործով դատական նիստերին, ով խցում բավականին ակտիվ շարժվում էր, բայց երբ ՄԻՊ-ից մարդ էր տեսնում, անմիջապես անկողնային հիվանդ էր դառնում, ով հրաժարվում էր իրեն հասանելիք լոգանքից՝ պատճառաբանելով, որ չի կարող հասնել բաղնիք, ու առհասարակ ինքն ուզում է, որ իրեն իր կինը լողացնի, հիմա պատվախնդրության դասեր է տալիս։

Համոզվելու համար կարող եք ընդամենը թերթել գոնե թե՛ 2017թ. մամուլի էջերն ու կայքերի հրապարակումները, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում տեսնել, թե Վահան Շիրխանյանի առողջական վիճակը որքան է գտնվել Ծառայության ու առհասարակ իրեն «խոշտանգող» նախկին իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Դե, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում մինչև այսօր էլ լավ են հիշում Վահան Շիրխանյանին ու նրա «տղամարդկային» վարքագիծը։

ԱՆԱՀԻՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս