Բաժիններ՝

Կառավարության նախընտրած ներդրողը Արման Սահակյանը չէ

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Արման Սահակյանը հետաքրքրված է «Շիրակ» հեռուստաընկերության (ՀԸ) վաճառքով և այս ընթացքում հասցրել է մի քանի հանդիպում ունենալ հեռուստաընկերության ղեկավարության հետ: Բայց նա միակը չէ, որ հետաքրքրված է Գյումրիում գործող անալոգային ՀԸ-ով։ 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ ևս մեկ մոսկվայաբնակ հայ մտմտում է ներդրումային ծրագիր իրականացնել Գյումրիում ու հենց «Շիրակ» ՀԸ-ն ձեռք բերելու հեռանկարով: Ի դեպ, այս երկու գործարարների հավակնությունների մասով էլ մեր տեղեկատվությունը հաստատեցին «Շիրակ» ՀԸ-ում:

Հիշեցնենք, մեկ ներդրողի մասին էլ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը  փետրվարի 12ին՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով «Շիրակ» ՀԸ-ն լուծարելու մասին 2018թ. դեկտեմբերին կայացրած կառավարության անակնկալ որոշմանը՝ հայտնել էր, որ «հեռուստաընկերությունը լուծարելն ունեցել է և՛ քաղաքական, և՛ սոցիալական ենթատեքստ»։

Ն. Փաշինյանն ընդգծելով Շիրակի մարզում առանց այդ էլ գործազրկության բարձր ցուցանիշը՝ հայտարարել էր, որ կառավարությունն արդեն իսկ պայմանավորվածություն ունի «Շիրակ» հեռուստաընկերությունում ներդրում կատարելու ցանկություն հայտնած ներդրողի հետ, ու առաջիկայում կառավարությունը հեռուստաընկերության ակտիվները կօտարի ներդրողին։ Եվ այս ամենի արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն առնվազն մի քանի տարի։ Այդ մարդիկ, ըստ մեր պայմանավորվածության, չեն մնա առանց աշխատանքի»:

1992 թվականից գործող «Շիրակ» հեռուստառադիոընկերությունը չի դադարեցրել գործունեությունը կառավարության լուծարման որոշումից հետո, այսօր էլ շարունակում է աշխատել՝ հույսով, որ սահմանված վերջնաժամկետը՝ ս/թ ապրիլի 8-ը, այս կարգավիճակով չեն հատի: Աշխատողները լիահույս են, որ կառավարության ղեկավարի խոստացած ներդրումային ծրագիրն իրականություն կդառնա: ՀԸ համեստ ստեղծագործական խումբը լուծարումից հետո աշխատավարձ չի ստացել, հունվար, փետրվարի և մարտ ամսվա հանրագումարը նրանց կհատկացվի բյուջեի պահուստային ֆոնդից՝ մինչև ապրիլի մեկը:

ՀՀ Ֆինանսների նախարարությունից ՀԸ ղեկավարությանը վստահեցրել են, որ պահուստային ֆոնդից  ընդհանուր ծախսերը զրոյացնելու վերջին 35 մլն դրամի մասին որոշումը ներառված է կառավարության՝ մարտի 28-ի նիստի օրակարգում, սպասում է վարչապետի հաստատմանը:

Իսկ մինչ այդ հեռուստաընկերության ղեկավար Արթուր Ղանդիլյանը խիտ օրակարգով շարունակում է ակտիվ հանդիպումներ ունենալ ներդրողների հետ, որպեսզի մինչև գործունեության համար սահմանած վերջնաժամկետը հիմնավոր մի խոստում ստանա:

Արթուր Ղանդիլյանի ողջ մտահոգությունն այն է, որ ներդրողի համար հրապուրիչ լիցենզիան այլևս չկա, իսկ «Շիրակ» ՀԸ բրենդը, շենքային 250 քմ տարածքը դեռևս քիչ է ներդրողի համար: Ի դեպ, հեռուստաընկերության տարածքը գտնվում է Գյումրիի հենց կենտրոնում, այդ իսկ պատճառով հեռուստաընկերությամբ հետաքրքրվողներին առաջին հերթին հետաքրքրում է ՀԸ շենքային պայմանները։

«Անալոգային ՀԸ-ն թվային դարձնելու ճանապարհին ամեն բան ավելի է բարդանում: Օրենսդրական փոփոխության պայմաններում միայն հնարավոր կլինի «Շիրակ» ՀԸ-ն ներգրավել մասնավոր մուլտիպլեքսում և ՀԸ-ն թվային հեռարձակող դարձնել»,- 168.am-ի հետ զրույցում նշում է ՀԸ ղեկավար Արթուր Ղանդիլյանը:

Ներկայիս գնահատումներով՝ միայն մի քանի տարի եղածը պահպանելու համար առնվազն 400 մլն դրամի ներդրում պիտի լինի, վերջին անգամ տեխնիկական ռեսուրսը թարմացվել է 2015-ին՝ 9 մլն դրամ ծախսով:

ՀԸ ղեկավարի խոսքով՝ թիմն ամբողջական ռեսուրսով կա, տեխնիկական հնարավորություններն առկա են ցանկացած պահից նորից սկսելու համար, բայց լուծարումից հետո շատ ժամանակ չպետք է անցնի, հակառակ դեպքում այս ամբողջը նորից ի մի բերելու համար ջանքեր կպահանջվի:

Հիշեցնենք, 2018թ. դեկտեմբերի 31-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Շիրակ» ՀԸ այլևս գործունեության իրավունք չունի, կառավարությունն այն լուծարելու գաղտագողի որոշում էր կայացրել, ՀԸ աշխատակազմը բաց նամակով, ի նշան բողոքի՝ հայտարարել էր, որ նոր իշխանությունը կտրուկ որոշում է կայացրել՝ հաշվի չառնելով բազմամյա փորձն ու լսարանի իրավունքը.

«Ցավոք, նոր իշխանությունները, արդիական լուծումներ որոնելու փոխարեն, որոշել են գնալ կտրուկ քայլի ՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ կարելի էր, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակին» շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում և հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը»:

Որոշման գնացած գործադիր իշխանության ղեկավարն էլ այսպես հակադարձեց իր ելույթներից մեկի ժամանակ: «Ենթադրում եմ՝ «Շիրակ» ՀԸ մասնաճյուղը բացվել է մի ժամանակներում, երբ սփռման դժվարություններ են եղել։ Տրամաբանական չէր այս հեռուստաընկերության գոյությունը ներկայում, և կառավարությունն այս համատեքստում է կայացրել որոշումը»,- ասել էր վարչապետը։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս