Բաժիններ՝

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների թիվը աճում է. առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը. Դ.Թումասյան

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեց տարի ավելանում են երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ավելի մեծ թվով երեխաներ են տուժում ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնությունից: Երբեմն այդ բռնարարի դերում հանդես են գալիս հենց այն անձինք, ովքեր պարտավոր էին պաշտպանել երեխային, ում ծանր վիճակում հայտնվելիս երեխան դիմում է օգնության ակնկալիքով, կամ ով ստանձնել է այդ պարտավորությունն ի պաշտոնե…

Այս հարցերի շուրջ pastinfo.am-ը զրուցել է երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ:

– Պարոն Թումասյան, քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն նկատվում է երեխաների նկատմամբ հանցագործությունների աճ։ Բայց այդ տվյալները միայն մեկ քննչական մարմնի իրավասության ներքո գտնվող գործերին է վերաբերում։ Մենք ունե՞նք ամբողջական վիճակագրություն՝ երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

– Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրություն կարելի է ստանալ տարբեր մարմիններից՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ դատական դեպարտամենտից, սակայն այդ վիճակագրությունը վարվում է տարբեր մեթոդաբանությամբ և տարբեր ցուցանիշներով:

Քանի որ հարցադրումը ենթադրյալ հանցագործությունների մասին է, այս համատեքստում հատկանշական է ՀՀ քննչական կոմիտեի վիճակագրությունը, քանի որ նախաքննության այլ մարմիններում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ փաստացի չեն քննվում:

ՀՀ քննչական կոմիտեն 2016թ.-ից սկսած հրապարակում է երեխաների դեմ ուղղված հանցագործություններով իր վարույթում քննված քրեական գործերի վիճակագրությունը: Այսպես՝ 2016թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ (այդ գործերից 175-ը վարույթ է ընդունվել 2016թ.-ին, իսկ 25-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), 2017թ.-ին՝ 265 քրեական գործ (218-ը վարույթ է ընդունվել 2017թ.-ին, իսկ 45-ը եղել են վարույթում տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), իսկ 2018թ.-ին արդեն 317 քրեական գործ (275-ը վարույթ է ընդունվել 2018թ-ին, իսկ 42-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր):

Այս թվերը փաստում են, որ ոչ միայն վարույթներն են տարեց տարի ավելանում, այլ հարուցված քրեական գործերը, ինչը պայմանավորված է երկու գործոնով՝ դիմելիության ավելացում՝ իրավապահ համակարգի հետ համագործակցության պայմաններում, և դեպքերի ավելացում:

– Որ հանցատեսակներն են առավել հաճախ կատարվում երեխաների դեմ:

– 2018թ.-ին քննված քրեական գործերից առավել տարածված էին առողջության դեմ ուղղված, այնուհետև՝ սեռական, հետո՝ ազատության դեմ ուղղված, և կյանքի դեմ ուղղված հանցագործությունները: Այսպես՝ 317 քրեական գործերից 41-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին, 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն և այլն: Նմանատիպ պատկեր է եղել նաև 2016 և 2017 թթ.-ին:

Հատկանշական է, որ 2018թ.-ին 7 քրեական գործ վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, այն դեպքում, երբ արարքն ինքնին քրեականացվել էր 2018թ.-ի հունվարի 27-ից: Սա վկայում է, որ նման արարքի քրեականացումը խիստ անհրաժեշտ էր Հայաստանում՝ չնայած այն հիմնականում պետք է ունենար կանխարգելիչ ազդեցություն և զսպեր ծնողին նման վարքագիծ դրսևորելուց:

Ինչպես նշվել է առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը, որոնք շատ ծանր բացասական հետևանք են թողնում ինչպես երեխայի ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական զարգացման վրա, ավելին՝ սեռական բռնության ենթարկված երեխաներն ապագայում կարող են խնդիրներ ունենալ նորմալ սեռական կյանքով ապրելու, ընտանիք կազմելու հարցում:

-Կա՞ նման ուսումնասիրություն, թե ովքե՞ր են կատարում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ, որեւէ օրինաչափություն կա՞ բռնարարների կերպարի վերաբերյալ։

– 2018թ.-ին երեխաների դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով 198 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ընդ որում 6 անձ եղել են 14-16 տարեկան, 18-ը՝ 16-18 տարեկան, 111-ը՝ 18-35 տարեկան, 63-ը՝ 35 տարեկանից բարձր: Այսինքն՝ 24 երեխա ենթադրաբար կատարել էր հանցագործություն երեխայի նկատմամբ (2017թ.-ին եղել է 14 երեխա, իսկ 2016թ.-ին՝ 24): Այս ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ փաստում են երեխաների ագրեսիվության մասին, որն ուղղված է այլ երեխաների նկատմամբ: Հաշվի առնելով, որ 14-16 տարեկան երեխաները պատասխանատվության են ենթարկվում միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, ակամա կարելի է փաստել, որ նրանց ագրեսիվ վարքագիծն ունենում է դաժան դրսևորումներ:

Երեխաների դեմ ուղղված հանցագործություններով մեղադրյալների մեծամասնությունն ունեին միջնակարգ կրթություն, սակայն կային նաև բարձրագույն, միջին մասնագիտական և տարրական կրթությամբ մեղադրյալներ:

2018թ.-ին որպես մեղադրյալ ներգրավված 198 անձանցից 11-ը նախկինում եղել են դատապարտված, 2017թ.-ին՝ 129 անձանցից 5-ը, իսկ 2016թ.-ին՝ 122 անձանցից 6-ը: Այսինքն՝ նախկինում դատապարտված անձանց կողմից երեխաների դեմ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիվն ավելացել է: Եթե հավելենք, որ այդ անձինք, որպես կանոն, չունեն հիմնական զբաղմունք կամ աշխատանք, նրանք փորձում են տարբեր եղանակներով շփման եզրեր գտնել երեխաների հետ, մասնավորապես՝ երեխաների ժամանցի, դպրոցների մոտակայքում ուսումնասիրություններ և պոտենցիալ «զոհ» որոնելով:

-Ովքե՞ր են տուժողները, ո՞ր տարիքային խմբի երեխաներն են առավելապես տուժում հանցագործություններից:

– 2018թ.-ին վարույթում գտնվող գործերով եղել են թվով 305 տուժողներ, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան: Այսինքն՝ տուժող երեխաների կեսից ավելին մանկահասակ էին, ինչը խիստ մտահոգիչ է: Նախկին տարիներին մանկահասակների տեսակարար կշիռն անհամեմատ ավելի փոքր է եղել: Տուժող երեխաները եղել են տարբեր ընտանիքներից. ունեցել են ինչպես երկու ծնողներ, այնպես էլ մեկ, պատկանել են սոցիալական տարբեր խմբերի, սակայն տուժողները մեծամասամբ եղել են միակողմանի ծնողազուրկ, չունեին զբաղմունք, չէին հաճախում դպրոց կամ հաճախում էին պարբերաբար բացակայելով, ընտանիքներն ինքնին անապահով էին: Հայտնաբերվել են դեպքեր, երբ ծնողների պատշաճ վերահսկողության բացակայությունն անուղակի նպաստել է երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելուն:

– Խոցելի ընտանիքների հաշվառում արդյոք չի՞ իրականացվում մեր երկրում, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները չդառնան հանցագործության զոհ։

– Երեխաներին հանցագործություններից պաշտպանելու համար պետք է հետևողական և նպատակաուղղված աշխատանք, որը պետք է իրականացվի ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում և այլ հաստատություններում, որտեղ գտնվում է երեխան: Պետք է հնարավորինս վերահսկել երեխայի առօրյան՝ չմիջամտելով նրա անձնական ազատությանը, մասնավորապես՝ համացանցում շփումներ իրականացնելիս կամ տարբեր մարգինալ խմբերի ներկայացուցիչների հետ առնչություն ունենալու դեպքում:

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մի մասը կատարվում է ընտանիքի անդամների կամ նրանց ընկերների ու մտերիմների կողմից: Այստեղ կարևորվում է երեխային հավատալը, քանի որ երեխայի շրջապատում միանշանակ կլինի այն մերձավորը կամ բարեկամը, ում երեխան վստահում է և պատմում է իր հետ կատարվածը: Եվ կարևոր է, որ այդ անձը չփորձի պարզել դեպքի իսկությունը ենթադրյալ հանցագործից, քանի որ այդ անձը միանշանակ կհերքի դա, արդյունքում ավելի վնասելով երեխային, նրան դնելով ավելի խոցելի վիճակի մեջ, երբեմն ձևավորելով հանցավոր շղթա:

Այնուամենայնիվ, երեխաների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ պետք է իրականացվի ծնողների և երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց կողմից, իսկ պետությունն արդեն պետք է միջամտի այն դեպքում, երբ նախորդ տարբերակը չի գործում կամ գործում է ի վնաս երեխայի՝ անտեսելով երեխայի լավագույն շահը: Տարբեր բարդ իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ տարվում է տարաբնույթ աշխատանք թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ մարզպետարանների և քաղաքապետարանների, թե՛ համայնքային ծառայությունների կողմից, սակայն այդ աշխատանքները համակարգման կարիք ունեն՝ միասնական պրակտիկա ձևավորելու և «երեխայակենտրոն» ու «ընտանիքահեն» մոտեցում ցուցաբերելու համար:

– Պարոն Թումասյան, որքանո՞վ եք այսօր պաշտպանված համարում հանցագործությունից տուժած երեխաների լավագույն շահը և իրավունքները։ Տեղեկատվության ազատությունն, իհարկե, կարեւոր դերակատարում ունի պետական մարմինների հաշվետվողականությունն ապահովելու համար, բայց հանցագործությունից, հատկապես սեռական բռնությունից տուժած երեխաների անհատական տվյալները լայն շրջանակներին հասանելի դարձնելը որքանով է իրավաչափ։

– Այս հարցը քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին և դրա հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային, ինչպես նաև ԵՄ և ԵԽ բազմաթիվ հրահանգներին ու պարզաբանումներին: Տուժող երեխայի վերաբերյալ տվյալները չպետք է հրապարակվեն, և դա վերաբերում է ոչ միայն անվանն ու ազգանվանը, այլ նաև ցանկացած այլ տեղեկատվության, որը հնարավորություն կընձեռի նույնացնել երեխային:

Տուժող երեխաների տեսաձայանագրությունը պետք է իրականացվի միայն նախաքննության և դատաքննության ընթացքում օգտագործվելու նպատակով, այդ տեսաձայանագրությունները չպետք է հանրայնացվեն, քանի որ հասարակությունը կարող է անհանդուրժող լինել տուժողի նկատմամբ:

Գործնականում եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ անչափահասին հասարակության ներկայացուցիչները ոչ միայն «մեղադրել են ջահել տղուն կործանելու», այլ նաև իրենց երեխաներին վատ օրինակ ծառայելու համար: Տուժող երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի չվնասելու նախապայմանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս