Արմեն Սարգսյանը կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 14-ինընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:
Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:
Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ: