Վարչապետը պետք է հաշիվ պահանջի Ֆինանսների նախարարից ու ՊԵԿ-ից
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգով, որ հիմնադրամ ակնկալվող մուտքերից ամեն ամիս միլիոններ են նվազում, և, որ վարչապետը պետք է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանից ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հաշիվ պահանջի: Կառավարության ղեկավարին ուղղված նամակը մուտք է արվել սրանից 10 օր առաջ, ու մինչ օրս չկա արձագանք։ Այս մասին 168.am-ին հայտնեց Մեսրոպ Մանուկյանը:
– Վերջին երկու տարիներին զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինծառայողներին որոշվեց այլևս օգնություն տրամադրել հիմնադրամի միջոցներից, և սա հրաշալի գաղափար էր: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում կամավորներիցս յուրաքանչյուրի հետ, երբ ընտանիք կատարած մեր տնայցերի ժամանակ զոհված զինծառայողի կամ բարձրաստիճան զինվորականի մայրը, կինը հարցնում է ՝ տղաս զոհվել է 2008 թվականին, մե՞զ երբ է աջակցության հերթը հասնելու։ Իսկ սա լուրջ հարց է, մենք պետք է ի վիճակի լինենք այս պահանջը լրացնել: Որպես տնտեսագետ՝ այս հաշվարկները սկսեցի ինքս ինձ համար անել, մոտավորապես գնահատելու հնարավոր ժամկետների մասով, թե ե՞րբ կարող ենք այս ընտանիքներին ևս ներառել մեր աջակցությունը ստացողների ցանկում, տխուր պատկեր ստացվեց: Թվում էր՝ հեղափոխությունից հետո հիմնադրամի հանդեպ վստահությունն էլ ավելի կմեծանա, կավելանան նվիրատվությունները, և մենք մեր գործունեության շառավիղը կընդլայնենք ազատորեն:
– Անհո՞ւյս է վիճակը։ Ի՞նչ խնդիր ունենք գումարների հավաքագրման առումով, ի՞նչ մտահոգություններ եք արտահայտել վարչապետին ուղղված Ձեր նամակում:
– Իմ մտահոգությունները երկու անգամ արտահայտել եմ հոգաբարձուների խորհրդի նիստում, նամակով դիմել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և երկրորդն եմ պատրաստվում ուղարկել վաղը: Իմ սպասելիքներն այս պահին, թերևս, կառավարության ղեկավարից են, քանի որ դրանց իրավասություններով վարչապետն է օժտված: Հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ իմ մտահոգությունները կիսեց նաև Պաշտպանության նախարարը: Նա այս հիմնադրամին վերաբերվում է շատ մեծ հոգատարությամբ: Նա ինձ խնդրեց, որպեսզի ես նամակով դիմեմ իրեն, որպեսզի ինքը կարողանա այդ գրությանն ընթացք տալ:
Առաջին մտահոգությունն այն է, որ դրամների հավաքագրման 2017-2018 թվականների համեմատականը դիտարկելիս՝ 1-2 ամսով ենք գերազանցել եղած ցուցանիշը: Մնացած բոլոր ամիսներին 2018թ. տվյալները զիջում են նախորդ տարվա ցուցանիշին: Սա աբսուրդի է նման այն պատճառով, որ 2018թ. ամսական հավաքագրումներում առկա չեն հեղափոխությունից հետո ստվերային դաշտից դուրս բերված և օրինական դարձած 35.000 աշխատուժի տվյալները, ինչի մասին վարչապետը խոսեց իր հայտնի ելույթի ժամանակ, և հաճախ է այս թիվը հրապարակվել՝ որպես պաշտոնական տվյալ: Իսկ 35.000 աշխատուժն ինձ համար՝ որպես հիմնադրամին առնչվող մարդու և տնտեսագետի, 35 մլն դրամ է ամեն ամսվա կտրվածքով, բայց այս միլիոնների մուտքերն արված չեն, ու դրանք բազմապատկված ամիսների քանակով՝ պատերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի կորուստ է հիմնադրամի համար: Այդ պատկառելի գումարով մենք հիմնադրամից աջակցություն կտրամադրեինք առնվազն 5-7 ընտանիքի՝ նրանց սոցիալական բեռը վերցնելով մեզ վրա:
– Դուք հարց եք բարձրացրել նաև հիմնադրամի մուտքերի ուշացումների մասին, սա պարբերակա՞ն բնույթ է կրում:
– Այո, մյուս խնդիրն այն է, որ վերջին շրջանում ուշացնում են մուտքերը, իսկ եկամտահարկի հետ միաժամանակ փոխանցվող 1000 դրամները, որպես կանոն, յուրաքանչյուր ամսվա 20-22-ը պետք է հիմնադրամ մուտքագրված լինեն, սակայն ուշանում են: Հասկանում եմ, ինչ-որ առումով այստեղ օրենսդրական կարգավորման հարց էլ կա: Բայց դա վերահսկելի գործառույթ է: Որպես տնտեսագետ եմ դարձյալ գնահատում՝ փողը գիշերը որտե՞ղ քնեց՝ այդ ընկերության օգուտն է, իսկ մեզ մոտ օդից կախ գումար է մնում, որը փաստացի աշխատում է ուրիշի համար։ Անթույլատրելի է սա:
Հաջորդ մտահոգությունը կառավարության օպտիմալացման հետևանքով առաջ եկող կրճատումներն են՝ 10.000 աշխատատեղի կրճատման մասին է պաշտոնապես նշվում: Սա հիմնադրամի շահերի տեսանկյունից խիստ մտահոգիչ փաստ է, քանի որ 10.000 աշխատողը մեզ համար դիտարկվում է 10.000 նվիրատու, հետևաբար՝ կառավարության վարած քաղաքականության արդյունքում յուրաքանչյուր ամիս նորից պիտի առնվազն 10 մլն դրամ կորցնենք: Հասկանալի է, որ պետական կառավարման համակարգում օպտիմալացումով պետությունն ինչ-որ հարց է լուծում, բայց մենք էլ հիմնադրամի միջոցով պետության խնդիր ենք լուծում, հիմնադրամը մեծ վստահություն է վայելում, դրանով մենք նաև Պաշտպանության նախարարության բեռն ենք թեթևացնում, փոխհատուցման ծրագրով՝ նվազագույնը 200.000 դրամ ամեն զոհված, վիրավոր զինծառայողի ընտանիքին՝ նաև հոգեբանորեն են գոտեպնդվում:
– Ի՞նչ պահանջ է ներկայացված վարչապետին ուղղված նամակում, ի՞նչ միջամտություն եք ակնկալում գործադիր մարմնի ղեկավարից:
– Ակնկալիքն այն է, որ գործադիր մարմնի ղեկավարը պիտի պահանջ ներկայացնի ՀՀ Ֆինանսների նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին՝ հիմնավորելու, թե այն 35.000 ստվերային աշխատողի օրինականացնելու մասին ինֆորմացիան որտեղից էին վերցրել ու ներկայացրել վարչապետին: Վարչապետն այդ թիվը նրանցից վերցրել ու պաշտոնապես հրապարակել է, սակայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը կամ գոնե առերևույթ չի արտացոլվել հիմնադրամի մուտքերում։ Վարչապետը պիտի բացատրություն պահանջի նրանցից՝ ինչո՞ւ այդ մուտքերն արված չեն հիմնադրամ:
Հաջորդը, որ ակնկալում եմ, ՀՀ Ֆինանսների նախարարը պիտի բացատրություն տա, թե ինչո՞ւ են գումարները մինչև հիմնադրամ հասնելն ուշանում: Սա կարևորագույն խնդիր է, որովհետև, եթե մեր հիմնադրամի փողերը վերցնում ու ենթադրաբար ինչ-որ տեղ ծախսում են, ապա այս դեպքում պիտի գան հիմնադրամ և հիմնադրամի համար ապահովեն լրացուցիչ եկամուտներ: Ակնկալում եմ, որ այս հարցի կարգավորման համար վարչապետի խիստ հանձնարարականը պիտի լինի:
Եվ ընդհանուր առմամբ՝ վարչապետը պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր իրեն սխալ ինֆորմացիա են տալիս և դրա արանքում զոհված զինծառայողի ընտանիքին հասանելիք գումարը յուրացվում է կամ չգիտեմ ինչ նպատակի է ծառայում: Եթե 35.000 աշխատուժ ստվերից դուրս է եկել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը։ Լավ, թող անճշտություն լինի մի քանի հազարի, թող, ասենք, 5000 աշխատողի գումարը կորի, բա մնացած 30.000-ն ի՞նչ եղավ. սա լուրջ թիվ է, հետևողական պիտի լինենք:
Պահանջատիրական իրավունքով օժտված հիմնադրամի կամավորի դիրքերից արտահայտած մտահոգություններին ավելացրել եմ նաև մի դիտարկում, որն իմ լիազորությունների շրջանակներից դուրս է, և ես հիմնադրամի շահերից եմ խոսել. նամակում ակնարկել եմ 10.000 կադրերի կրճատման հետևանքով հիմնադրամի գործունեության համար ստեղծվող ոչ նպաստավոր պայմանների մասին՝ 10 մլն պակասորդ տալու մասին, մնացածն արդեն որոշում ընդունողի դաշտում է:
Սյուզի Բադոյան