«Հենց Զասն է եղել այն միջնորդն ու նախաձեռնողը, որպեսզի Բելառուսը Ադրբեջանին վաճառի «Պոլոնեզ» համակարգեր, որը կարող է թիրախավորել ամբողջ Հայաստանը»

«Մի հայտնի խոսք կա՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է, մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մեզ համար երկրորդական, նույնիսկ երրորդական պաշտոն է։ Բայց արի ու տես, որ Ադրբեջանի նախագահն ասում է, որ իր երկրի համար միևնույն չէ, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Սա ասում էր այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր։ Կարծում եմ՝ այդ պաշտոնը ծայրահեղ կենսական էր Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Նրա խոսքով, երբ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, սահմանային յուրաքանչյուր խախտում արձանագրում և հարցը բարձրացնում էր՝ առաջ տանելով հայկական շահերը։ Իսկ այսօր ցանկացած խախտում որևէ մեկը չի արձանագրում ու արձագանքում։

Այսօր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։ Վան Համբարձումյանի բնորոշմամբ, վերջինիս երկրորդ հայրենիքն Ադրբեջանն է։

«Հենց Զասն է եղել այն միջնորդն ու նախաձեռնողը, որպեսզի Բելառուսը  Ադրբեջանին վաճառի «Պոլոնեզ» համակարգեր, որը կարող է թիրախավորել ամբողջ Հայաստանը։ Իզուր չէ, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդ զինատեսակները վաճառում են, որպեսզի Հայաստանը նվաճե՞ն։ Զասն իր ռազմական կրթությունը ստացել է Բաքվում, նա ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, ընկերական կապեր ունի Ալիևի հետ։ Զասն իր ընտանիքի հետ միասին հանգիստն անցկացնում է Ադրբեջանում։ Հիմա հասկանո՞ւմ եք, որ այդ պաշտոնից արհեստական ու անհիմն զրկվում է ՀՀ ներկայացուցիչը, և այն, հնարավոր է, ստանձնի հենց Զասը՝ պրոադրբեջանական անձնավորություն»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Կարդացեք նաև

Այն, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել հենց Ստանիսլավ Զասը, Վան Համբարձումյանը բնորոշում է՝ որպես «ջեք փոթ» Ադրբեջանի համար, այն ամանորյա նվեր էր Ալիևին, որն արեցին ՀՀ իշխանությունները՝ իրենց չմտածված քայլերի արդյունքում։

Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ը երկրորդ մեծագույն կառույցն է ոլորտում՝ ՆԱՏՕ-ից հետո։

«Պատկերացնո՞ւմ եք ՆԱՏՕ-ում որքան են ուրախացել այս նորությունից, որ, փաստորեն, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը «հանցագործ» է, քանի որ ««կոտորել» է սեփական ժողովրդին»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հաշվի առնելով այս գործոնը, հնարավո՞ր է՝ Հայաստանն իր վստահությունը կորցնի նաև ՆԱՏՕ-ում, Վան Համբարձումյանը պատասխանեց.

«Ընդհանրապես Հայաստանն այլ երկրներում այդքան էլ վստահություն չի ներշնչում, քանի որ մի երկրի վարչապետ, որն իր սեփական ժողովրդին ասում է՝ «կծեփեմ պատերին, կփռեմ ասֆալտին», չեմ կարծում, որ նման երկիրը կարող է լուրջ գործընկեր կամ դաշնակից դիտարկվել։ Թուրքիան ՆԱՏՕ-ի հզոր դաշնակիցն է, և պարզ է, որ այնտեղ, որտեղ կա թուրքական շահը, չի կարող լինել ՀՀ շահը, ավելին՝ այնտեղ, որտեղ թուրքական շահն է, Հայաստանի ոչնչացումն է։ Հայաստանն այսօր մեծ վտանգների առջև է կանգնած և այդ իրավիճակում բոլորովին միայնակ է»։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս