Airbus-ը սկսել է աերոտաքսիի փորձարկումները. DPA
Airbus ընկերությունը մարտի 11-ին Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում սկսել է աերոտաքսիի փորձարկումները, որն ստացել է CityAirbus անվանումը: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը:
Սպասվում է, որ ապագայում այդ տաքսիներն ավանդական փոխադրամիջոցների այլընտրանք կդառնան ամենից առաջ առանձնապես ինտենսիվ երթեւեկությամբ քաղաքներում: Նոր փոխադրական համակարգի շնորհանդեսը քաղաքապետարանի առջեւի հրապարակում անցկացրել են տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը եւ թվային տեխնոլոգիաների զարգացման հարցերի պետնախարար Դորոթեա Բերը:
CityAirbus-ն իրենից ներկայացնում է անօդաչու թռչող սարքի նմանվող մեքենա՝ չորս նստոցով եւ ութ պտուտակով: Այն աշխատում է էլեկտրական քարշուժով: Ենթադրվում է, որ այդ օդային տաքսիները կերթեւեկեն խոշոր քաղաքներում, մասնավորապես, կենտրոնից մինչեւ օդանավակայան:
Հետագայում հնարավոր է նաեւ այլ կիրառում. դրանք, օրինակ, կարող են բժիշկներին արագորեն հասցնել արտակարգ պատահարների վայրեր, խիստ անհրաժեշտության դեպքում արյուն եւ օրգաններ փոխադրել հիվանդներին: CityAirbus-ը նախագծվել է Բավարիայի Դոնաուվյորտե քաղաքում Airbus-ի գործարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: