Գավառում վեց տարեկան երեխան նկարչական աշխատանքների ցուցահանդես է բացել
Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր գեղանկարչական խմբակի սան, վեցամյա Վանիկ Ալմոյանի առաջին ցուցահանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, Վանիկը նկարում է 5 տարեկանից, իսկ կենտրոն է հաճախում երեք ամիս: «Ինչպես հավաստում է Վանիկի ուսուցչուհի Էլմիրա Բոստանչյանը՝ Վանիկը կարճ ժամանակահատվածում յուրացրել է նկարչության հնարքները եւ այսօր արդեն ներկայանում է ցուցահանդեսով: Վանիկը աշխատում է մատիտներով եւ ջրաներկով, պատկերում է իր շրջապատի իրերն ու իր գաղափարները դարձնում նկարներ: Առաջին ցուցահանդեսի առթիվ Վանիկին շնորհավորեցին նրա հարազատները, կենտրոնի սաներն ու կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը: Մասնագետների գնահատմամբ՝ վեց տարեկան Վանիկը ցուցաբերում է արտասովոր ընդունակություններ եւ մեծ սեր ու հակում դեպի նկարչությունը: Համոզված ենք, որ այդ շնորհները նրան շատ շուտով մեծ ճանաչում կբերեն»,- նշեց Ալվարդ Մանուկյանը:
Խոսրով Խլղաթյան