Բաժիններ՝

Հալածանքն ու նախատինքը կարծես թե միշտ ուղեկից են բոլոր նրանց, որոնք եղել են հոգով աղքատ, սգավոր, հեզ…

Մատթեոս 5: 11

Մարդկությունը շատ հին ժամանակներից իր մեջ ունեցել է գաղափարակիր առաջնորդներ, ճշմարտության հետևողներ, որոնք գրեթե միշտ ենթարկվել են ծաղրանքի, հեգնանքի, նախատինքի և հալածանքի, ու նրանց ոչ ոք երանի չի տվել: Նախատել դիմացինին՝ նշանակում է նրան արհամարհել, ծաղրել, նվաստացնել ու հալածել: Այս ամենն արդյունք է սիրո պակասի, ոխի, քինախնդրության և աստվածային ճշմարտության անգիտության: Ես-ն այնքան զորավոր է, որ մարդ արարածը դրանից այն կողմ չի կարող ոչինչ տեսնել, նա իրենով է դատում և չափում աշխարհը:

Այսօր, ցավոք, նկատում ենք, թե ինչպես են մարդկային փոխհարաբերություններում ստորաքարշությունը, անբարո կենցաղավարությունը, նյութապաշտությունն ու անտարբերությունը գերակշռող մաս կազմում, թե ինչպես են ազնվությունն ու նվիրումը, բարոյական արժեհամակարգն իր ողջ տարատեսակներով, քրիստոնեական բարոյախոսությունն ամբողջությամբ վերցրած դառնում անընդունելի ու անպետք: Այս և նմանօրինակ երևույթները կկործանեին մարդկությանը, եթե չլինեին աննկուն հոգիների տեր մարդիկ, ովքեր փափագն ունեն աստվածային վեհ ու ապրեցնող առաքինությունների և Սուրբ Հոգու պտուղների:

Փա՛ռք Աստծո, որ անցյալում, այսօր ու նաև հեռու ապագայում եղել են և կլինեն մարդիկ, ովքեր հավատքի զորությամբ և աստվածային սիրով առլեցուն՝ միշտ բորբոք են պահել և պահելու են անանձնական սիրո, բարության, ազնվության հուրը: Աստվածային ուսուցումներով լցված հոգիներն իրենց շրջապատի, ընկերության մեջ փարոս են, նրանք անվախ հերոսներ և ճշմարտության անկաշառ քարոզիչներ են, Քրիստոսի սիրով և հավատքով լեցուն հոգիներ են, որ ապրում են զոհողությամբ լեցուն կյանք, որի համար էլ գրեթե միշտ ենթակա են նախատինքի և հալածանքի: Քրիստոսի պայծառացած հոգիների համար հալածանքը պատիվ է և փառավորության ճանապարհ, ինչպես նաև խթանող ուժ՝ Քրիստոսի կյանքը մեծ ճիգերով ապրելու համար:

Հիսուս գիտեր՝ ինչ է սպասվում Իր հետևորդներին և զգուշացնում էր հետևանքների մասին, հետևաբար հարկ է տևապես ունենալ հետևյալ մտածումը՝ հալածվել, սակայն երբեք չտրտմել ու չտրտնջալ, հալածվել, սակայն չհուսահատվել, քանի որ Աստված, Իր խոստման համաձայն, միշտ մեզ հետ է. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԺ 20): Պողոս առաքյալը Տիմոթեոսին սովորեցնում էր ճշմարիտ աստվածապաշտության կերպը, որն է՝ տքնել և նախատինք կրել՝ առանց հուսահատության կամ հավատքի տկարության:

Հիշենք այն երանավետ զգացողությունը, երբ բարիք ենք գործում, երբ հագցնում ենք մերկին կամ ողորմություն տալիս, երբ զգում ենք, որ ապրում ենք իրական քրիստոնյայի կյանքով ու տեսնում աստվածային օրհնությունները մեր կյանքում… Միթե կա ավելի թանկ ու ավելի անգին բան, քան մեր Տիրոջ սերն ու գուրգուրանքը և լուսապարար այն ջերմությունը, որ թափանցում է մեր հոգիներից ներս: Եկե՛ք, ուրեմն, երբեք չերկնչենք հալածանքներից, չհասկացվելուց կամ չարախոսություններից, ողջ հոգով և էությամբ մերժենք այն օրենքները, որ հեռու են պահում մեզ Աստծուց:

Հալածանքն ու նախատինքը կարծես թե միշտ ուղեկից են բոլոր նրանց, որոնք եղել են հոգով աղքատ, սգավոր, հեզ, արդարության քաղցն ու ծարավն ունեցող, ողորմած, սրտով սուրբ, խաղաղարար, հալածվող ու նախատվող:

Երանի նրանց, ովքեր կենդանի հաղորդակցությամբ կապված են Սուրբ Հոգու հետ, որովհետև նրանց վարձատրությունն Աստծո մշտատև ներկայությունն է: Ամեն:

Պատրաստեց՝ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս