Ո՞րն է իրականում 12,5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոնների գաղտնիքը
Նիկոլ Փաշինյանը երբեմն ասում է բաներ, որ ուղղակի զարմանում ես։ Իրականում վարչապետին խորհուրդ տվողնե՞րն են նրան թյուրիմացության մեջ գցում, թե՞ ինքն է միտումնավոր այդպես վարվում` հասարակությանը ոգևորելու կամ մոլորեցնելու ակնկալիքով։
Անկախ նրանից, թե ո՞րն է այստեղ ճշմարտությունը, գործ ունենք անցանկալի երևույթի հետ։ Հատկապես, որ դրա հեղինակը երկրի վարչապետն է։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հեռուն չգնանք։
Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացին, ինչն այդքան շատ է կարևորում կառավարությունը, վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ոգևորված հայտարարեց, որ այդ առումով ունենք աննախադեպ զարգացում. «2019թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 12,5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել։ Դրա արդյունքում հունվար-փետրվարին առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է»։
Խոսք չկա, առաջին հայացքից, անշուշտ, ցուցանիշները ոգևորող են։ Տպավորություն է, թե Հայաստանում բոլորը սկսել են մասսայաբար ՀԴՄ կտրոն տրամադրել` անսալով վարչապետի հոդորներին։
Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, էական չէ։ Ամեն դեպքում կառավարության ղեկավարը փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել` անելով հեռուն գնացող հետևություններ. «Սա նշանակում է, որ մենք այսօր գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ։ Հանրությունը շարունակում է իր գործողություններով վստահություն հայտնել կառավարության և Ազգային ժողովի նկատմամբ»։
Թե ինչքանո՞վ է հանրությունը շարունակում վստահել կառավարությանը կամ Ազգային ժողովին, թողնում ենք վարչապետի հայեցողությանը։ Սակայն ոչ մի կերպ չենք կարող համաձայնել այն մեկնաբանությունների հետ, որ նա է ներկայացնում ՀԴՄ կտրոնների ավելացման վերաբերյալ։ Դրանում, վարչապետի ասած՝ կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք համագործակցության դերը չափազանց փոքր է, եթե նույնիսկ ընդհանրապես կա։
Հավանաբար վարչապետը մոռացել է կամ միտումնավոր չհիշեցրեց, որ այս տարվա սկզբից Հայաստանում ընդլայնվել է հսկիչ-դրամարկղային սարքերի կիրառման դաշտը։ Մինչդեռ դրա հետևանքով այս դաշտում են հայտնվել մի քանի հազար նոր սուբյեկտներ, որոնք նախկինում պարտադրված չեն եղել աշխատել ՀԴՄ-ներով և դրանց միջոցով արձանագրել նաև իրենց շրջանառություններն ու կտրոնավորել այն։
Խոսքը շուրջ 25 հազար սուբյեկտի մասին է։ Այս թիվը վարչապետը շեշտում էր, երբ հայտարարում էր, որ հանձնարարել է 160 հազար դրամանոց ՀԴՄ սարքերը տրամադրել 60 հազար դրամով։ Բայց հիմա մոռանում է ասել, որ այդ սուբյեկտները համալրել են ՀԴՄ կտրոն տրամադրողների շարքը։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենա ունենալը պարտադիր է դարձել ընտանեկան ձեռնարկատերերի, ինքնազբաղված անձանց, նոտարների և բազմաթիվ այլ կազմակերպությունների համար։
Պարզ չէ, որ ՀԴՄ-ների գործողության դաշտում ընդգրկվող տնտեսվարող սուբյեկտների ավելացումը պիտի բերեր նաև արձանագրվող շրջանառությունների ու տրամադրվող կտրոնների քանակի ավելացման։ Այստեղ կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք «դարակազմիկ» համագործակցությունը որևէ նշանակություն չունի։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Իրականում բերված ցուցանիշներում, ինչքան էլ վարչապետը փորձի այդպես ներկայացնել, աննախադեպ ոչինչ չկա։ Առավել ևս, դա ակնհայտ կդառնա, եթե մի փոքր բացենք փակագծերը։
Կատարենք մի պարզ հաշվարկ. եթե վարչապետի հայտարարած 12,5 մլն հատ ՀԴՄ կտրոնը բաժանում ենք դաշտում հայտնված 25 հազար նոր սուբյեկտների վրա, ապա ստացվում է, որ հունվար-փետրվարին նրանցից յուրաքանչյուրը տրամադրել է ընդհանուր առմամբ 500 ՀԴՄ կտրոն։ Այլ կերպ ասած, խոսքը միջին օրական ընդամենը 8-9 կտրոնի մասին է։
Պատկերը շատ չի փոխվում, եթե նույնիսկ ընդունենք, որ այս ընթացքում պոտենցիալ 25 հազար սուբյեկտների միայն կեսն են անցել ՀԴՄ գործողության դաշտ։
Եթե սա աննախադեպ երևույթ կամ հեղափոխական առաջընթաց է ՀԴՄ կտրոնների տրամադրման առումով, ապա պարզապես պետք է նախանձել վարչապետի լավատեսությանը։ Դժվար չէ մի պահ դուրս գալ աշխատասենյակից, շրջել խանութներով, հարցուփորձ անել` համոզվելու համար, որ ՀԴՄ կտրոնների տրամադրման հետ կապված շատ բան չի փոխվել։ Ու չի էլ փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի ընկալել, որ հույսը պետք է դնել ոչ թե քաղաքացիների վրա, այլ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ կտրոն չտրամադրելը դառնա աննպատակ։ Այս իրավիճակից դուրս գալու այլ ճանապարհ ուղղակի չկա։
Որ հսկիչ մեքենաների կիրառման դերը տնտեսության ու պետական բյուջեի եկամուտների ապահովման համար չափազանց կարևոր է, և դրանից մեծապես կախված է ստվերային շրջանառությունների կրճատումը, աներկբա է։ Բայց միամտություն է կարծել, որ այդ հարցը պետք է լուծի քաղաքացին։
Հավանաբար անտեղի չի լինի մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը գրեթե մեկ ամիս առաջ, երբ ներկայացնում էր կառավարության գործունեության ծրագիրը. «Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում։ Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու: Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե, կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր»։
Հիմա վարչապետը փորձում է համոզել, որ Հայաստանի հպարտ քաղաքացին և գործարարը սկսել են արձագանքել կառավարության հորդորներին։ Ու դա ավելի լավատես է դարձրել բյուջեի ապագան. «Ուզում եմ հույս հայտնել, որ այնպիսի արդյունք կարձանագրենք, որ 2019թ. բյուջեի ծախսերը լինեն շատ ավելին, քան նախատեսել ենք»։
Թե որքանո՞վ կարդարանա վարչապետի լավատեսությունը, ցույց կտա ժամանակը։ Բայց նախկինում նա անհամեմատ ավելի համարձակ էր արտահայտվում բյուջեի մասին` համարելով, որ այն ընթացքում պետք է լուրջ վերանայումների ենթարկվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ