Բաժիններ՝

Զբոսաշրջության համաշխարհային շուկայի ծավալը 2018 թվականին հասել է ռեկորդային 8,8 տրլն դոլարի. WTTC

Ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության համաշխարհային սեկտորը 2018 թվականին ապահովել է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 10,4 տոկոսը, իսկ ճյուղի աճի տեմպերը դրամական արտահայտությամբ ավելի քան կրկնակի բարձր են եղել, քան տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում։

Սեկտորի տնտեսական ազդեցության եւ սոցիալական կարեւորության մասին Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) ամենամյա հետազոտության համաձայն, 2018 թվականին զբոսաշրջության շուկայի ծավալը հասել է ռեկորդային 8,8 տրլն ԱՄՆ-ի դոլարի: Ճյուղն աճ է արձանագրում ութերորդ տարին անընդմեջ, 2018 թվականին աճը դրամական արտահայտությամբ կազմել է 3,9 տոկոս: Դա բարձր է նաեւ համաշխարհային տնտեսության աճի տեմպերից (3,2 տոկոս՝ 2018 թվականին) եւ նրա այնպիսի հանգուցային ճյուղերի աճի տեմպերից, ինչպիսիք են առողջապահությունը (+3,1 տոկոս), տեղեկատվական տեխնոլոգիաները (+1,7 տոկոս), ֆինանսական ծառայությունները (+1,7 տոկոս):

Տարեկան արտահայտությամբ 2018 թվականին զբոսաշրջությունից ավելի արագ է զարգացել միայն արդյունաբերության սեկտորը (+4 տոկոս): WTTC-ի տվյալներով՝ սեկտորի ընդհանուր կառուցվածքում օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտների բաժինը 2017 թվականի 27,3 տոկոսից 2018 թվականին աճել է մինչեւ 28,8 տոկոս: Դա նշանակում Է, որ գլոբալ տուրիստական շուկայի ծավալի 71,2 տոկոսը ապահովում են ներքին զբոսաշրջիկները:

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության սեկտորն անցյալ տարի ապահովել է 319 մլն աշխատատեղ կամ յուրաքանչյուր տասներորդ աշխատատեղն աշխարհում: Հենց զբոսաշրջության ոլորտում է վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծվել նոր աշխատատեղերի 20 տոկոսը: WTTC-ի կանխատեսումների համաձայն, զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների սեկտորը հաջորդ տասը տարվա ընթացքում 100 մլն նոր աշխատատեղ կստեղծի ամբողջ աշխարհում եւ ընդհանուր առմամբ աշխատանքով կապահովի 421 մլն մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս