Աննա Հակոբյանը՝ իրենց հարազատների՝ պատգամավոր դառնալու մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր։ Վերջինս անդրադառնալով իր բարեկամների առաջխաղացմանը՝ նշեց, որ հեղափոխությունից հետո ԱԺ պատգամավոր դարձած իր եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ի զարմանս իրեն, նախորդ խորհրդարանական ընտրություններում հավաքել էր բավականին նորմալ թվով ձայներ։
«Այս ընտրություններում, և դա նույնիսկ մամուլում է գրվել, երբ որ պետք է փոխվեր, և համամասնական ընտրակարգով տեղի ունենային ընտրությունները, ամուսինս պարզապես ասել էր, որ ոչ Հրաչը, ոչ իր եղբոր որդին՝ Սիփանը, չեն կարող լինել համամասնական ցուցակում, և դա քննարկման ենթակա չէր։ Այսինքն՝ եթե մնար համամասնական ընտրակարգը, իրենք չէին հայտնվի Խորհրդարանում։ Բայց եղավ այն, ինչ եղավ. ՀՀԿ-ն տապալեց, ընտրություններն ընթացան հին ընտրակարգով… Այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշվեց, որ ովքեր ռեյտինգային ընտրակարգով մասնակցել են նախորդ ընտրություններին, իրենք պետք է հնարավորություն ունենան մասնակցելու։ Եվ որքան որ ես եմ տեղյակ, նախորդ ընտրություններին մասնակցած բոլոր ռեյտինգայինները այս ընտրության ժամանակ տոկոսային առումով հավաքել են նույն ձայները, միայն հեղափոխության տոկոսն է ավելացել։ Այսինքն՝ նույնիսկ էդտեղ իմ եղբայրն ավելի ձայն չի հավաքել, քան ինքը ի վիճակի էր հավաքել նախորդ ընտրություններում։ Նույնը վերաբերում է Սիփան Փաշինյանին»,- մեկնաբանեց ՀՀ վարչապետի տիկինը։
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Ա. Հակոբյանի եղբայրը և Ն. Փաշինյանի եղբորորդին՝ Ս. Փաշինյանը, դարձան ԱԺ պատգամավորներ։
Ա. Հակոբյանը, ըստ էության, պատասխանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության շրջանում և մամուլում հնչող այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով պատգամավոր դարձածները «հեղափոխության» շնորհիվ են կարողացել մանդատ ձեռք բերել՝ «հեղափոխության տոկոսն» ավելացել է նրանց իրական ձայներին։ Հակառակ դեպքում նրանցից որևէ մեկն այսօր ԱԺ-ում չէր լինի, կամ շատ քչերը կլինեին։