Բաժիններ՝

«2019-ին շատ կարևոր փոփոխություններ են ակնկալվում ձեր երկրում». Շվեդիայի պառլամենտի փոխխոսնակը՝ հայ գործընկերներին

Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառում:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ողջունելով մասնակիցներին և շնորհավորելով Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, նշեց, որ այն կապված է 110 տարի առաջ սկսված միջազգային շարժման հետ, և մենք այսօր վայելում ենք բազմաթիվ կանանց շնորհիվ նվաճված ազատությունն ու իրավունքները։ Ըստ նրա՝ Հայաստանում կանանց խնդիրների բարձրաձայնման պատմությունն ունի 150 տարվա վաղեմություն։

«Կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, և պայքարը պետք է շարունակվի։ Մարտի 8-ը մեզ համար ոչ միայն շնորհակալության, այլև խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը՝ հանուն բոլոր կանանց բարօրության և իրավունքների հաստատման»,- ասաց Լ.Նազարյանը։

Նա նշեց, որ, թեև ՀՀ Սահմանադրությամբ կանայք ունեն իրավահավասարություն, սակայն կանանց աշխատանքի մեծ մասը՝ ընտանիքի և երեխաների հարցում, մնում է չնկատված, շատ մարզերում աղջիկների կրթությունն առաջնային չի դիտվում, քաղաքական կյանքին կանանց մասնակցության քվոտաները բավարար չեն, ԱԺ-ում կանանց ներկայացվածությունն ընդամենը 24% է։

ՕքսԵջեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ իրենց նպատակն է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև համատեղ հարթակ ստեղծել, և դրա մեկնարկն ազդարարում են այսօր։ Նա հույս հայտնեց, որ հարթակը կլինի կառուցողական, և համատեղ ուժերով լուծում կտան կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խնդիրներին։

«Եթե ազգային մակարդակում կա 24% ներգրավվածություն, ապա տեղական մակարդակում այդ ցուցանիշը, մեղմ ասած, բավականին մտահոգիչ է։ 12 նախարարություններում մենք ունենք միայն մեկ կին նախարար, ունենք միայն 1 կին քաղաքապետ, մարզերում չունենք ոչ մի կին մարզպետ, 507 համայնքներից միայն 7-ում ունենք կին գյուղապետեր»,- ասաց Մ.Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ այս հարթակը հնարավորություն կտա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական ոլորտում անդրադառնալ հավասար հնարավորությունների խնդիրներին։

Շվեդիայի պառլամենտի փոխխոսնակ Լոթա Ֆորնարվը հայտարարեց, որ 2018-ին Հայաստանը հզոր ազդակ հղեց ողջ աշխարհին և ցույց տվեց, որ իրական բարեփոխումները հնարավոր են. «Այս տարի՝ 2019-ին, շատ կարևոր փոփոխություններ են ակնկալվում ձեր երկրում, թեև բազմաթիվ մարտահրավերներ կան։ Միաժամանակ համոզված եմ, որ խորհրդարանի անդամներն ու քաղհասարակության ներկայացուցիչները սերտորեն համագործակցելու են՝ ավելի լավ ապագա ապահովելու ՀՀ քաղաքացիների համար։ Ես վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք այդ աշխատանքին աջակցելու համար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս