Սորոսի լույսն ու ստվերը
Ընդդիմության շրջանում մոդայիկ է դարձել Հայաստանի դժբախտությունների պատճառը տեսնել մեր հասարակությունից դուրս ընկած շրջանակներում։ Կոնսպիրոլոգիական այս մտայնությունն այժմ կենտրոնացել է «Սորոսի» հիմնադրամի գործունեության և նրանից սնվող կազմակերպությունների ու անհատների վրա։
Ընդհանրապես գաղտնագրությունը, չարիքի տեսությունը, կաշչեյների, բոբոների ու վհուկների ամենակարողության մասին պատմությունները պետք է համարել մարդկային տրամաբանությունը վիրավորող, և խնդիրների ու դժբախտությունների ակունքների գտնել հասարակական պրոցեսներում, և ոչ թե ձևանալ անմեղ ու ողջ պատասխանատվությունը գցել մեզանից և մեր վերահսկողությունից դուրս գտնվող երևույթների վրա։ Բացառություն չեն նաև «սորոսականները», որոնք մեր հասարակության մի մասն են, սակայն ոմանք նրանց դիտարկում են՝ որպես Հայաստանն իրար խառնած այլմոլորակայիններ։ Ավելին, եթե մենք էլ մի քիչ կոնսպիրոլոգիա անենք, ապա կպնդենք, որ Սորոսին հրեշ դարձնելու մեջ անմասն չեն նաև օրվա իշխանությունները, որոնք դրանով փորձում են ձախողումների պատասխանատվությունն իրենց վրայից գցել Մարսից եկածների վրա։
Մեղադրանքների համար հիմնական արգումենտները երեքն են․ «սորոսականները» մեծ թիվ են կազմում իշխանության մեջ, նշանակալի ներդրում են ունեցել իշխանափոխության ժամանակ, և հաճախ նրանք ներկայացնում են մեր հասարակության համար խորթ օրակարգ։ Ըստ հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի՝ կազմակերպությունը Հայաստանում գործում է 1997թ.-ից, այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ հենց հիմա սկսեցինք դիտարկել հիմնադրամը՝ որպես սպառնալիք։
Կրկին, ըստ Մինասյանի՝ «Սորոսի» հիմնադրամի բյուջեն ընդամենը 2,7 մլն դոլար է․ ինչո՞ւ Հայաստանի ԱԱԾ-ն իր հսկայական ռեսուրսներով չի կարողանում «չեզոքացնել» այս չարիքը։ Պետք է անպայման նկատել, որ այս գումարի զգալի մասն ուղղվել է Հայաստանի գիտական և ուսումնական հաստատություններին, և ոչ թե՝ հասարակական կազմակերպություններին։
Եվ, ըստ այդմ, ո՞րն է պատճառը, որ հասարակության մի զգալի մասը մեր դժբախտությունների պատճառը համարում է Սորոսին ու սորոսականներին։ «Սորոսի» հիմնադրամն օժանդակում է Հայաստանի հասարակությանը բազմաթիվ հարցերում, որոնք պետությունը կամ այլ կառույցներ չեն համարում էական, կամ պարզապես այս խնդիրների համար չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Շատ հաճախ այս գրանտներից են օգտվում մարդիկ, ովքեր քաղաքական կամ այլ պատճառներով մերժվում են պետական ու մասնավոր սեկտորում աշխատանք գտնելուց։
Կարծում ենք, որոշ խնդիրներ ծագում են արդեն գրանտների թեմատիկայի որոշման և դրանով իսկ՝ հանրային օրակարգ մշակելու փուլում։ Որպես օրինակ՝ կարելի է վերցնել Հայաստանի համար այնպիսի արտառոց թեմա, ինչպիսին է համասեռամոլների խնդիրը։ Ավանդապաշտ հայ հասարակությունը դժվարությամբ է քննարկում այս թեման, ինչը, իհարկե, չի բացառում այսպիսի կողմնորոշմամբ մարդկանց գոյությունը։
Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն շատերում չէ, որ առաջանում են այնպիսի կոլիզիաներ, ինչպես Հայաստանում։ Բանն այն է, որ գրանտ տվողները պահանջում են այնպայման հանրային լուսաբանում ու ակցիաներ, ինչի հետևանքով շատերը պարզապես սկսում են գեյ աշխատել, սեռական կողմնորոշումը համարում են իրենց իդենտիկության հիմնական բաղադրիչը և ցանկանում են անընդհատ ցուցադրել այն, քանի որ դա է գրանտի պայմաններից մեկը։
Մինչդեռ, եթե գրանտակերներին հասկանալի է այս խնդրի հանրային բարդ ընկալումը և իրավիճակն ավելի խորացնող հակառեակցիաները, ապա ամենևին պարտադիր չէ, որ փողի ետևից ընկնելով՝ ինչ-որ մեկն անպայման որոշի նման գրանտային ծրագիր իրականացնել։ Եթե փողը տալիս է ինչ-որ անհասկանալի օտարերկրյա Սորոս, ապա ծրագիրն իրականացնում են մեր կողքին ապրող մարդիկ, և հանուն փողի՝ հանրային դիսկուրսում օտար էլեմենտ մտցնելու համար, թերևս, նրանք ավելի պատասխանատու են, քան Սորոսը։
Մյուս պրոբլեմն այն է, որ սորոսականները, խրվելով իրենց ծրագրերում, հայտնվում են վիրտուալ տարածքում, կտրվում են իրականությունից։ Հաճախ սորոսականները չեն ունեցել այլ աշխատանք, քան Սորոսի գրանտներն են, նրանք չեն պատկերացնում հասարակական մարտահրավերները և դրանց գերակա են համարում իրենց ծրագրային նպատակները։ Սրան նպաստում է նաև «Սորոսի» հիմնադրամի քաղաքականությունը, որը դժկամությամբ է աշխատում նոր գործընկերների հետ՝ առավելությունը տալով հին, մշտական գործընկերներին, ինչի հետևանքով վերջիններս դառնում են մասնագետ «գրանտակերներ»՝ հասարակական խնդիրներից անգետ։
Թավշյա Հայաստանը ձևավորելիս՝ Նիկոլ Փաշինյանը հենց այս պատճառով էր, որ սորոսականներին լայնորեն ընդգրկեց իշխանության մեջ՝ համարելով, որ, եթե նրանք չեն աշխատել պետական ապարատում, ապա կլինեն կոռուպցիայից զերծ։ Միաժամանակ, կարևոր գործոն էր նաև այն, որ սորոսականներն ակտիվ էին եղել նաև հեղափոխության պրոցեսում։ Նախ՝ նրանք ոչինչ չունեին կորցնելու ու ռիսկի տակ դնելու, և ցանկացած ելքի դեպքում նրանց գրանտը չէր ընդհատվի, նաև՝ գրանտները հաճախ պարունակում էին հասարակական ակտիվության պահանջներ և որոշակի ակցիաների ֆինանսավորում, ի վերջո՝ գաղտնիք չէ, որոշ սորոսականներ լրագրողների ու դիտորդների անվան տակ պարզապես մարդկանց փող են տվել միտինգներին մասնակցելու համար։
Նիկոլ Փաշինյանի կողմից հաշվի չէր առնվել երկու բան․ կոռուպցիան պայմանավորված է ոչ թե առանձին մարդկանց նախկինում զբաղեցրած պաշտոններով, պարզ ասած՝ կաշառք չեն վերցրել, որովհետև տվող չի եղել, այլ հասարակական հարաբերություններով և տնտեսության կառուցվածքով, և թարմ մարդիկ բերելուց զատ՝ պետք փոխել այդ կառուցվածքը։ Նաև պետք է նկատել, որ սորոսականների մոտ առկա է հզոր կորպորատիվ կոռուպցիա, այսինքն՝ նրանց տարբեր կառույցներ միմյանց օժանդակում են՝ անկախ գործունեության ձևից, օգտակարությունից և անկաշառությունից։ Ի դեպ, սա հենց «Սորոսի» հիմնադրամի առանձնահատկությունն է, և դա է պատճառը, որ այլ գրանտային ծրագրերի մասնակիցներ այնպես աչքի չեն ընկնում և նշավակվում, ինչպես սորոսականները։
Այս վերջին հանգամանքը դրված է «Սորոսի» հիմնադրամի գործունեության հիմքում, որտեղ սիներգետիկ էֆեկտ ստանալու համար գնում է առանձին ծրագրերի փոխկապակցում և կենտրոնացված հստակ կոորդինացիա։ Հիմա արդեն դժվար է պնդելը՝ արդյո՞ք պետական մարմիններում սորոսականների ընդգրկումն այս փոխադարձ «մասոնական» կապի արդյունք է, թե՞ Հայաստանի բարձր իշխանություններն են այսպես կամենում։
Ամեն դեպքում, կարծում եմ, սխալ է և անթույլատրելի իշխանության կառուցվածքի, նրա սխալների, քաղաքական կոռուպցիայի և այլ մեղքերի համար մեղադրել Բաց հասարակության ինստիտուտին։ Սորոսը չունի Հայաստանի պետական մարմինները կազմավորելու և վերահսկելու սահմանադրական իրավունք, դրա համար կան այլ պատասխանատուներ։
Վերջում նկատենք, որ առավել հզոր սորոսականները, որոնք ստանում են ամենամեծ գրանտները, խուսափել են այս իշխանությանը մաս կազմելուց։ Իշխանության մեջ լինելով՝ ըստ կանոնադրության, նրանք չէին կարող գրանտներ ստանալ, և սորոսյան բիգ բոսերն առաջնորդվել են «Իշխանությունն անցողիկ է, գրանտը՝ հավերժ» սկզբունքով։
Աղասի Ենոքյան