Գազավորված ըմպելիքները կտրուկ կթանկանան. Ո՞ւմ հաշվին է կառավարությունը պատրաստվում փակել բյուջեի ճեղքը

Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Դրանով ակնկալվում է սպառողների հաշվին փոխհատուցել բյուջեի այն ֆինանսական կորուստները, որոնք կառաջանան բարձր եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի նվազեցման հետևանքով։

Չնայած դեռ հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ակցիզային հարկի բարձրացումից բյուջեի մուտքերի ավելացումն այնքան էլ միանշանակ չէ։

Ոլորտում գործող ընկերություններն ահազանգում են, որ դա չի արդարացնի ակնկալիքները։ Ընդհակառակը` կունենա տնտեսական ու սոցիալական լուրջ հետևանքներ։

Այդ հետևանքներին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ խոսենք մի երևույթի մասին։

Ակնհայտ է, որ կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի կարողանում գլուխ բերել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, չնայած վարչապետի հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին մեծ հույսերը են կապվում այս փաստաթղթի հետ։ Այն քննարկվում է արդեն շուրջ 9-10 ամիս, բայց այդպես էլ վերջնական տեսքի չի գալիս։ Ավելին, ինչքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան կառավարությունն ավելի ու ավելի է խճճում իրավիճակը։

Հաշվապահներին ու փաստաբաններին ավելացված արժեքի հարկով հարկելու անհաջող փորձերից հետո, հիմա էլ անցել են գազավորված ըմպելիքներ արտադրողներին։ Ոլորտում գործող ընկերությունները խուճապի մեջ են։ Նրանց կարծիքով՝ օրենսգրքի փոփոխություններով լուրջ վտանգներ են ստեղծվելու իրենց հետագա աշխատանքի համար։ Ու մինչ կառավարության պատասխանատուներն ակնկալում են հարկային բեռի ավելացման արդյունքում լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե` ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները խոսում են դրա հետևանքով իրենց հետագա գործունեության հետ կապված առաջացող ռիսկերի մասին։

Խնդիրը նոր փոփոխությունների մեջ է, որն առաջարկում է կառավարությունը։ Եթե սկզբում նախատեսված էր ակցիզային հարկով հարկել միայն այն գազավորված ըմպելիքները, որոնց 100 գրամում պարունակվում էր 5 և ավելի գրամ շաքար, ապա այժմ որոշվել է դա տարածել գրեթե բոլորի վրա։ Բացառություն է արվել միայն հանքային ջրերի համար։

Այս քայլով կառավարությունը փորձել է լուծել զուտ ֆիսկալ խնդիր. մի կողմից՝ ընդլայնել է հարկման դաշտում ընդգրկվող ապրանքների ցանկը, մյուս կողմից` թեթևացրել է հարկային մարմինի գործը։ Կարևոր չէ, որ այդ ամենից տուժելու են արտադրողներն ու սպառողները։ Այդ խնդիրը կարծես այնքան էլ չի հուզում կառավարությանը։

Մինչդեռ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ավելացումը նշանակում է, որ այդ ապրանքները նույնքան կտրուկ թանկանալու են։ Խոսքը գների շուրջ 30 տոկոս բարձրացման մասին է: «Եթե այսօր մեր արտադրանքի մեկ ու կես լիտրի մանրածախ գինը 170-175 դրամ է, ապա ակցիզային հարկի բարձրացումից հետո այն ստիպված ենք վաճառել 240 դրամով։ Երբ դրան ավելանա նաև խանութների մարժան, ապա այն կհասնի 270-300 դրամի»,- ասում է «Հայ Կոլա» ընկերության տնօրենը։

Թանկացման այս բեռը, բնականաբար, կրելու են առաջին հերթին՝ սպառողները։ Ինչպես հայտնի է՝ ակցիզային հարկը զուտ սպառողական հարկ է։ Այն վճարում են սպառողները` ապրանքի ձեռքբերման գնի տեսքով։

Այս պայմաններում թվում է, թե արտադրողներն անհանգստանալու առիթ չպետք է ունենան։ Բայց այդպես չէ։ Գների նման կտրուկ բարձրացումը չի կարող չազդել սպառման ծավալների վրա։ Մի բան, ինչը փաստի առաջ կկանգնեցնի ոլորտում գործող ընկերություններին։ Դրանց մի մասը ստիպված է լինելու դուրս մնալ դաշտից։

Մինչ ոլորտում գործող ընկերության ներկայացուցիչներն անհանգստացած են նախաձեռնության հնարավոր բացասական հետևանքներով, կառավարության պատասխանատուները զարմացնում են իրենց չպատճառաբանված ու անհիմն լավատեսությամբ: «Ես չեմ կարծում, որ սա կունենա սոցիալական վատ հետևանքներ՝ 2 հիմնական պատճառով: Առաջինը, նախ՝ միանշանակ չէ այն պնդումը, որ ակցիզային հարկի նույն գումարի չափով ավելանալու են այս ապրանքների գները: Ինչո՞ւ, որովհետև, երբ առհասարակ անուղղակի հարկային բեռ է բարձրացվում, բնականաբար, առաջին փուլում՝ շատ կարճ ժամկետում, արտադրողները կամ ներմուծողները կփորձեն այդ հարկն ամբողջությամբ տեղափոխել գնի մեջ, այնուհետև՝ սպառողի վրա:

Բայց հաշվի առնելով, որ շուկան մրցակցային է, և հնարավոր է՝ պահանջարկի կրճատում լինի, արտադրողները և ներմուծողները մրցակցելու են՝ շուկայում իրենց մասնաբաժինը պահելու համար: Այս առումով, ամենայն հավանականությամբ, ապրանքների գները չեն բարձրանա այն չափով, ինչքան որ կլինի ակցիզային հարկը: Այսինքն, մեր գնահատմամբ՝ մի մասով արտադրողները կամ ներմուծողներն անպայման իրենց վրա կվերցնեն ակցիզային հարկի գծով բեռը»,- ասում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Երկրորդ պատճառը, որ դա սոցիալական հետևանքներ չի ունենա, ըստ նրա՝ այն է, որ խոսքը ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքի մասին է. «Այսինքն, գազավորված զովացուցիչ ըմպելիքներն առաջին անհրաժեշտության ապրանք չեն, որ մտածենք՝ եթե հանկարծ դրա գները բարձրանան, կարող է հանգեցնել սոցիալական ծանր հետևանքների կամ նմանատիպ երևույթների»։

Նույն տրամաբանությամբ կարելի է ավելացնել բոլոր ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների հարկերը։ Իսկ թե ինչպիսին կլինի դրա ազդեցությունն արտադրության և սպառման ծավալների վրա, կառավարությանը կարծես չի էլ անհանգստացնում։ Գլխավորը՝ բյուջե փող գա։

Ֆինանսների նախարարությունը հաշվել է, որ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բեռը 30 տոկոսով բարձրացնելու պարագայում մուտքերը 3 մլրդ դրամով կավելանան։ Դա այն գումարն է, որ կառավարությունը պատրաստվում է վերցնել սպառողներից` միայն այս ապրանքախմբի հարկային բեռի ավելացման միջոցով։

Իսկ ընդհանրապես ակցիզային հարկի ծանրացման գինը գնահատվում է շուրջ 20 մլրդ դրամ։ Եվ այս ամենն արվում է հանուն նրա, որպեսզի շատ եկամուտ ունեցողների եկամուտներն ավելանան։ Ոչինչ, որ կտուժեն առանց այդ էլ ցածր եկամուտներ ունեցողները, ովքեր ստիպված կլինեն սահմանափակել սպառումը։

Զավեշտը հասել է այնտեղ, որ կառավարության պաշտոնյաները փորձում են արդարացում գտնել նաև դրա համար։ Պարզվում է՝ հարկային բեռի ավելացմամբ նրանք մտածում են քաղաքացիների առողջության մասին, որովհետև «բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները` անկախ շաքարի պարունակությունից, վնասակար են»։

Իսկ գուցե ճիշտ կլիներ միանգամից արգելե՞լ դրանց իրացումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս