Մշակույթի փոխնախարարը վստահեցնում է՝ Համազգային թատրոնի անձնակազմի հետ ունեցել են կառուցողական քննարկում
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը դեռ չգիտի, թե Կառավարությունն ինչ կպատասխանի ՊՈԱԿ-ների վերամիավորման և փակման վերաբերյալ Մշակույթի նախարարության կողմից ուղարկած «սևագրին», բայց վստահ է, որ Կառավարությունն այն նման վիճակում հավանության չի արժանացնի։
«Ենթադրում եմ, որ միակ բանը, որ Կառավարությունն ի պատասխան կարող է ասել՝ այն է, որ ընտրենք այն ՊՈԱԿ-ը, որոնց վերաբերյալ առավել հանգամանալից է նախարարության վերլուծությունը, և որոնք մոտակա ժամանակներում կարող են անցնել այս գործընթացով։ Դրա հիման վրա մենք հետագայում կրկին կվերանայենք և կհասկանանք, որ ՊՈԱԿ-ներում մենք կարող ենք սկսել այդ գործընթացը։ Երբ մենք որոշենք, առաջին հերթին պետք է հանդիպենք այդ ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, և հնարավոր է՝ չգանք համաձայնության, կամ հնարավոր է՝ գանք, այսինքն՝ դա աշխատանք է»,- ասաց Ն. Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Մշակույթի նախարարության մշակած մի փաստաթուղթ, ըստ որի՝ մի շարք ՊՈԱԿ-ներ և մշակույթի որոշ հաստատություններ պետք է փակվեն։ Այս փաստաթուղթը Ն. Ղարիբյանն անվանում է «սևագիր»:
Նազենի Ղարիբյանի խոսքով՝ փաստաթուղթը մշակելուց առաջ հանդիպել է երկու ՊՈԱԿ-ի՝ «Ժողովրդական երաժշտության ազգգային կենտոն» և ՀՀ պետական Ֆիլհարմոնիայի ղեկավարների հետ, որոնք դրական են համարել միացումը։
«Մենք գրեթե երկու ժամ բանակցել ենք և կարծես թե եկել ենք համաձայնության։ Օրինակ՝ ինձ համար ավելի լավ կլիներ, որ այս երկուսը ոչ թե դառնային մեկ ՊՈԱԿ, այլ Ֆիլհարմոնիան՝ որպես համերգային կենտրոն, մնար և «Ժողովրդական երաժշտության ազգգային կենտրոնի» հետ համագործակցեր, որպեսզի այդ դահլիճը մաքսիմալ աշխատի»,- շեշտեց Նազենի Ղարիբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ Համազգային թատրոնի հրավերով գնացել է ներկայացում դիտելու, որից հետո թատրոնի անձնակազմի հետ քննարկել են ներկայացումը, այնուհետև՝ թատրոնի հետագա ճակատագիրը-
«Մեր քննարկումը կառուցողական էր»,- շեշտեց Մշակույթի փոխնախարարը և այդպես էլ անպատասխան թողեց լրագրողների հարցերը՝ ի վերջո, Համազգային թատրոնն ինչ կարգավիճակում է լինելու։
Զվարթ Խաչատրյան