Նոր զարգացում Հաց բերողի մահվան գործով. ՀՔԾ-ն մի դրվագը կարճել է ու գործը հետ ուղարկել ՔԿ
«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. ՀՔԾ-ն մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:
21.12.2016թ-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 15.03.2017 թ–ին` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերեւի» հիվանդությունը եւ որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առնվազն` շուրջ 3- 4 օր առաջ:
«Այսպիսով՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերեւի» հիվանդության եւ քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չեն իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել։ Ուստիեւ, քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարել էր քննչական կոմիտեն:
Սակայն ՔԿՀ աշխատակիցներին այդ գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել, դրվագը կարճել է, իսկ մյուս մասն ուղարկել նորից քննչական կոմիտե: «Փաստինֆո»-ն փորձեց դատախազությունից ճշտել, թե արդյոք կարճման որոշման օրինականությունն ստուգվել է, թե ոչ, որի պատասխանը դեռ չենք ստացել:
Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ քրգործն ստացել են եւ նախաքննությունը շարունակվում է: