«Նիկոլ Փաշինյանը Ձեր ֆունկցիոնալ շարունակությունն է, Ձեր քաղաքական ռեինկարնացիան». Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Այս տարիների ընթացքում, ելնելով ներքաղաքական իրավիճակից, տարբեր առիթներով արձագանքել եմ Ձեզ և Ձեր հայտնած տեսակետներին, սակայն երբեք նման դիմելաձևից չեմ օգտվել: Այսօր թույլ տվեք հենց այսպես դիմել Ձեզ, որպես առիթ օգտագործելով Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին Ձեր վերջին հոդվածը:

Անձնական փոխհարաբերությունների դաշտում չունեմ որևէ ցանկություն, ժողովրդական լեզվով ասած, մտնելու Ձեր մատի և Նիկոլ Փաշինյանի մատանու արանքը, ուստի արձագանքս բացառապես քաղաքական է:

Շատերը մտորում են, թե որն էր այդ հրապարակման քաղաքական անհրաժեշտությունը:

Դուք հրաշալի գիտեք, որ այսօր Փաշինյանին ձեռնտու չէ որևէ կերպ ասոցիացվել Ձեզ հետ, քանզի հասարակության շատ մեծ հատվածի համար դա, մեղմ ասած, դրական ազդակ լինել չի կարող: Սակայն Դուք նաև խորքային գիտակցում եք, որ վաղը-մյուս օրը Դուք եք ամեն կերպ լվանալու Ձեր ձեռքերը իր կառավարման աղետալի հետևանքներից, չցանկանալով պատմության մեջ մնալ՝ որպես դրանց մեղսակից:

Ձեր երկուսի միջև կապի բացակայության կամ աննշանության մասին մենք չենք վիճում: Սակայն Ձեր հիմնավորումները առավել սպառիչ կլինեին, եթե, օրինակ, անդրադառնալով ՀԱԿ-ի կադրային ռեսուրսի ներգրավման հարցին, Վլադիմիր Կարապետյանին հիշատակելուց բացի, մոռացության չտայիք Լիլիթ Մակունցից մինչև Անդրանիկ Քոչարյան ու Հովհաննես Իգիթյան, ինչպես նաև ընդգծեիք մի շարք այլ պատգամավորների և պաշտոնյաների ՀՀՇ-ՀԱԿ անցյալ ունենալու փաստը: Իրականում, Ձեր թիմակիցների թիվն այսօրվա իշխանության տարբեր օղակներում շատ ավելի մեծ է:

Խոսելով Հանրապետական կուսակցության մասին՝ Դուք կարծիք եք հայտնում, թե մենք լուսանցքում ենք: Երբ 2017 թվականին Ձեր գլխավորած դաշինքը խորհրդարանական ընտրություններին ստացավ ընդամենը 26 000 ձայն, կամ 1.6%, մենք Ձեզ լուսանցքային գործիչների շարքին չէինք դասում:

Թույլ տվեք նաև հիշեցնել Ձեզ, որ ՀՀԿ-ն վերջին խորհրդարանական ընտրություններին ոչ միայն մասնակցեց, ի տարբերություն Ձեր ղեկավարած ուժի, այլև անգամ նման զարհուրելի պայմաններում միայն պաշտոնական արդյունքներով արձանագրեց 60 000 քվե, դարձավ 4-րդը, փաստելով, որ պահպանում է իր առաջատար տեղը Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ սա Նիկոլ Փաշինյանի՝ ում ուզում եք ընտրեք, բացի Հանրապետականից, սաստիկ հակաքարոզչության պայմաններում:

Չեմ ուզում կրկին խոսել 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասին, դրա առիթները շատ ենք ունեցել: Ընդամենը հաստատեմ, որ Սերժ Սարգսյանի՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի, առաջադրման մասին քննարկումները մեկնարկել էին 2017 թվականի աշնանը, իսկ որոշումը կայացվել էր 2018 թվականի ձմռանը, այսինքն՝ հանրաքվեից մոտ 3 տարի հետո, և պայմանավորված է եղել այն բազմաթիվ արտաքին մարտահրավերներով, որոնց դիմակայելու, ինչպես արդեն համոզվում են շատերը և հոգու խորքում գիտեք նաև Դուք, Նիկոլ Փաշինյանն անզոր է:

Վստահ եմ նաև, որ Սերժ Սարգսյանի առաջադրման հարցի վրա մոտ ապագայում լրացուցիչ լույս կսփռվի՝ վերջակետ դնելով այդ որոշման քաղաքական բոլոր շահարկումների գործընթացին:

Մենք հիշում ենք նաև Ձեր քաղաքական սատարումը Սերժ Սարգսյանի իշխանությանը 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հավատացեք, որ Ձեր այդ քայլերն ընկալվել են՝ որպես քաղաքական իմաստնության և առաջնորդության բացառիկ դրսևորումներ:

Ձեր հոդվածում, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումների մասին, Դուք փորձում եք հերքել ձեր ծրագրերի նմանությունը, իրականում հաստատելով այն, երբ մի կողմից պնդում եք, որ Հայաստանի տարբեր ժամանակների առաջնորդներն ունեցել են իրենց սեփական ծրագրերը, մյուս կողմից ակնարկում եք, որ այդ ծրագրերը, իմա՝ Ձեր և Փաշինյանի, ընդհանրություններ ունեն:

Թույլ տվեք հիշեցնել, որ 1997 թվականի Ձեր հրաժարականի հիմքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր ծրագրի մերժումն էր: Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հասարակությունը ևս մեկ անգամ մերժեց Ձեր մոտեցումներն Արցախյան հարցում, որքան էլ Դուք ջանքեր գործադրեցիք Ագնեսա Խամոյանին և Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս:

Այո, ոչ Դուք, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում կտրականապես և հրապարակավ չեք բացառել հնարավոր կարգավորման որոգայթներում Արցախը՝ Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը:

Փաստենք, որ դեկտեմբերյան ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանի ստացած 70% ձայները Ղարաբաղյան հարցն իր պատկերացումների շրջանակներում լուծելու վստահության մանդատ չեն, քանզի, ի թիվս այլ փաստարկների, անգամ Դուք եք կարծում, որ իր կարգավորման ծրագիրը դեռ հայտնի չէ:

Պարոն Նախագահ,

Ձեր ծավալուն հոդվածի եզրափակիչ խոսքը ամենամտահոգիչն է: Դուք քաղաքական բազմակարծության և ազատ խոսքի ջատագովներին փորձում եք պիտակավորել՝ որպես ազգային դավաճաններ:

Գուցե նման հռետորաբանությունը համահունչ է Ձեր կառավարման տարիներին այլախոհության ճնշման և քաղաքական հետապնդումների բազմաթիվ փաստերի հետ, սակայն այն համարժեք չէ այսօրվա Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր ընդհանուր պետության առավել ժողովրդավարական տեսլականի հետ:

Ներքին թշնամիներ որոնելու գործում Փաշինյանը ձեր խորհուրդների կարիքը չունի, նա անգերազանցելի է այդ հարցում:

Ի դեպ, եթե Ձեր մատնանշած այլակարծությունն ու քննադատությունը իրոք ուղղորդվեին մեկ կենտրոնից, ինչպես Դուք եք կարծում, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 10 ամիս էլ չէր դիմանա:

Եզրափակելով, ուզում եմ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, այնուհանդերձ, Ձեր ֆունկցիոնալ շարունակությունն է, Ձեր քաղաքական ռեինկարնացիան, Ձեր թարմացված տարբերակը:

Այո, նոր դիզայնով, նոր ֆունկցիաներով, սակայն նույն օպերացիոն համակարգով ու առանց երկրի ղեկավարին բնորոշ ու անհրաժեշտ բազում հատկությունների:

Երկուսս էլ լավ գիտենք, որ Դուք և Ձեր կուսակիցներն իրականում Նիկոլ Փաշինյանին չեն համակրում, տարբեր պատճառներով. որովհետև իր մոտ ստացվեց այն, ինչ Ձեր մոտ չաստացվեց, որովհետև 2014 թվականին նա Ձեզ դավաճանեց, որովհետև, վերջիվերջո, Դուք բոլորից լավ գիտեք իրեն:

Պարոն Նախագահ,

Եթե կարող եք, եթե ունեք այդ քաղաքական կամքն ու գիտակցումը, դուրս եկեք և դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի նման քաղաքական շահագործումը անարգանք է 10 զոհերի հիշատակի հանդեպ:

Իջեք գերեզմանաքարերից, գտեք Ձեր և Փաշինյանի համար այլ պատվանդաններ:

Կոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դուք բոլորից լավ գիտեք, թե երկրի նախկին ղեկավարների հանդեպ նման վերաբերմունքն ինչպիսի բումերանգի էֆեկտ է ունենալու մի օր, և այդ Պանդորայի արկղից, Աստված գիտի, թե երբ և ինչեր կարող են դուրս գալ ապագայում:

Հակառակ պարագայում նման մոտեցումներով Դուք անխուսափելիորեն կիսելու եք պատմական պատասխանատվությունն այս իշխանությունների ձախողման և Հայաստանին ու Արցախին հասցրած վնասի համար:

Հարգանքով՝

Արմեն  Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Տեսանյութեր

Լրահոս