Իշխող ուժի պատգամավորները դժգոհ են
Իշխանական «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում դժգոհության ալիք է հասունանում: Պատգամավորներից շատերը դժգոհում են չոր աշխատավարձի հույսին մնալու՝ Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից դրված պահանջից:
Համարում են, որ արդարացի էր գուցե Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների տեղակալներին սպասարկող ավտոմեքենաների կրճատման գաղափարը, իսկ ինչ վերաբերում է նախորդ իշխանության պրակտիկայից եկած պատգամավորներին բենզինի կտրոններ տրամադրելը մերժելուն, համարում են կեղծ ժողովրդավարական մոտեցում:
168.am-ի հետ զրույցում նրանցից երկուսը հայտնեցին, որ մտադիր են այս հարցը բարձրացնել «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի մոտ:
Օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանին շրջանցելու փորձերը, ասում են, նոր բան չէ խմբակցության պատգամավորների համար:
Արարատ Միրզոյանը որոշում ընդունող չէ, ըստ մեր զրուցակիցների՝ իշխանության բուրգում այսօրինակ խնդիրներով հակված են դիմել բացառապես Փաշինյանին:
Պատճառաբանում են, որ Փաշինյանն է հարկադրել պատգամավորներին ամիսն ամենաքիչը 3 անգամ հանդիպել իրենց ընտրողների հետ, շփումներ ունենալ, հետևաբար՝ կուսակցության առաջնորդն էլ պետք է այդ ծախսերի համար մտածի:
Մեր զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներից շատերը հաճախ են սրտնեղում, որ ղեկավարությունից առաջադրված պահանջներն ու պատասխանատվությունն անհավասար պայմաններում են դրվում իրենց՝ 88 հոգանոց խմբակցության ներսում: Ասում են՝ հաշվի չի առնվում՝ հեռավո՞ր շրջանից ես ընտրվել պատգամավոր, թե՞ Երևանի ընտրատարածքներից, անտեսվում է մինչ այդ ունեցած որոշ անձանց վաստակն ու հեղինակությունը, մինչև խորհրդարանական ցուցակ ընդգրկվելը՝ ոմանց զբաղեցրած պաշտոնական դիրքն ու աշխատավարձը:
Հարցին, թե ինչ են պահանջելու Նիկոլ Փաշինյանից առաջիկա հանդիպման ընթացքում, պատասխանեցին՝ գոնե բենզինի կտրոններ, որպեսզի դեպի մարզեր հանդիպումների համար տեղաշարժման ծախսերն էլ իրենց հաշվին չլինի:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ