«Բանկերում բոլոր գյուղացիները սև ցուցակներում են, վարկային պարտավորություններ ունեն»
«Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը,-Ա.Կ.) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի այս խոսքերին այսօր անդրադարձավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը.
«Վարչապետի կոչն ուղիղ իմաստով չպետք է հասկանանք: Յուրաքանչյուր ոք իր ոլորտում պետք է պայքարի ու կարողանա առաջընթաց արձանագրել: Բայց այն դեպքում, երբ կոռուպցիա չկա, հավասար մրցակցային պայմաններ են: Դեռ այդպես չէ: Այս պահին եթե ուսումնասիրենք տնտեսական դաշտն ու հարկատուների ցուցակը նայենք, կտեսնենք, որ խոշոր խաղացողները գրեթե չեն փոխվել: Սա նշանակում է, որ, եթե մենք ունենք իսկապես մրցակցային հնարավորություններ, ապա խաղացողները պետք է ի հայտ գան: Ժամանակին կլինի, բայց անելիքներ շատ կան: Վերին օղակներում կոռուպցիան վերացնելը չի նշանակում, որ միջին ու ստորին օղակներում այն նույնպես վերացել է: Դեռևս կան կոնկրետ կառույցներ, որոնք շարունակում են աշխատել հին մեթոդներով, շարունակում են արգելքներ ստեղծել նոր խաղացողների համար, ներդրողներին չխրախուսել: Ես բազմաթիվ օրինակներ ունեմ, բայց հիմա չեմ հնչեցնի, քանի որ պետք է դեռ ճշտեմ տեղեկությունը»,- ասաց պատգամավորը:
«Բացի սա՝ պետք է ստարտափների շատ լուրջ ինստիտուտ ձևավորենք: Իսրայելը 2 միլիարդ դոլար գումար է ներդրել սրա համար: Սա է ճանապարհը: Առանց ներդրումների՝ չենք կարող քաղաքացուն հորդորել, որ ակտիվանա: Ասենք, գյուղացի մարդը որոշել է անսալ կառավարության կոչին և առավոտյան իր 2 կովը դարձնել 50, բայց միջոցներ չունի, հիմնադրամի պետք է դիմի: Բանկերում բոլորը սև ցուցակներում են, վարկային պարտավորություններ ունեն: Մենք պետք է կարողանանք ազատել նրանց ձեռքերը և նոր թափ հաղորդել, և այդ ժամանակ նոր իրավունք կունենանք ասելու, որ տրված է հնարավորություն»,- հավելեց պատգամավորը:
Անի Կարապետյան