«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում նոր մարտավարությամբ կմոտենան բանակցային գործընթացին». փորձագետ
«Համանախագահների այցը տարածաշրջան էական փոփոխություններ չի մտցնում իրավիճակում: Որքան էլ միջազգային ներկայություն կա հակամարտությունում, իրավիճակը բանակցություններում թելադրում են իրենք` կողմերը, իսկ համանախագահները հետևողի և գործընթացը վերահսկողի դերում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով համանախագահների այցին տարածաշրջան և բանակցային գործընթացին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: Սա այս տարի համանախագահների առաջին այցն է տարածաշրջան՝ վերջին ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ինտենսիվության ֆոնին:
Փետրվարի 20-ին համանախագահները Երևանում էին, իսկ այսօր` Բաքվում: Երևան այցելության շրջանակներում նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամլո ծառայության` ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Իսկ ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը:
«Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ բանակցությունները, որոնք ծավալվել էին հակամարտող կողմերի միջև վերջին շրջանում, և որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ կազմում են համանախագահների տարածաշրջանային օրակարգը, կարծես նախկին ինտենսիվությամբ չեն շարունակվելու, քանի որ, ի տարբերություն նախորդ շրջանի, երբ կողմերը միջազգային հարթակներում իրենց ներկայությունն օգտագործում էին ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումներ ունենալու նպատակով, Մյունխենի Անվտանգության համաժողովի կուլիսներում չհանդիպեցին, այն դեպքում, երբ ավելի վաղ չէին բացառել նախարարական մակարդակով հանդիպում Մյունխենում: Մի շարք կարծիքների համաձայն՝ Մյունխենյան հանդիպման տապալման պատճառը հունվար-փետրվար ամիսների ընթացքում կողմերի արած կոշտ հայտարարություններն էին:
Թրեյսի Ջերմանի խոսքով՝ գաղտնիք չէ` կոշտ հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղ բանակցությունների կայուն ընթացքին, որի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ: Սա, նրա որակմամբ, այն դեպքն է, երբ դիրքորոշումների բարձրաձայնումը ևս հակառակորդ կողմում մեծ կրքեր է առաջացնում, ինչն էլ հանգեցնում է կոշտ, ժամանակ առ ժամանակ ռազմատենչ պատասխանի, և ձնագունդն այդ տրամաբանությամբ գլորվում է՝ հանգեցնելով բանակցային գործընթացում ճեղքերի, շփման գծում իրավիճակի սրման:
«Կարծում եմ` կողմերը հստակ հասկանում են հետևանքների հնարավորությունը, որն առաջանում է նման հռետորաբանությունից հետո: Հաճախ նման հռետորաբանությունը պարզապես պատասխան չէ, այլ՝ հատուկ նպատակով արված հայտարարություն: ԼՂ հակամարտության դեպքում դա ևս գործում է, բայց շատ ավելի հաճախ կողմերը նման հռետորաբանությունը կիրառում են ներքին սպառման համար, որն էլ անհնար է դարձնում խաղաղ բնույթի բանակցությունների շարունակականությունը:
Բավականին բարդ իրավիճակ է, երբ կա նաև ներքին ճնշում, երբ հասարակությունն անընդհատ կարիք ունի հավաստիացումների, թե ինչ են բանակցում ղեկավարները, ինչ զիջումներ են պատրաստվում անել, ինչ գին են վճարելու դրա դիմաց, քանի որ տեղեկատվական սադրանքները չափազանց շատ են: Եվ այս ամենը կառավարելը չափազանց բարդ է, բայց անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի կայունության համար:
Դժվար է նաև որոշել, թե հասարակությունը երբ և որքանով պետք է տեղեկացված լինի բանակցային գործընթացից, քանի որ գործընթացը, ըստ իս, պետք է թափանցիկ լինի, բայց պատահում է նաև, երբ թափանցիկությունը խանգարում է դիվանագիտությանը: Հենց այս ամենով է հակամարտությունը հակամարտություն, այն ունի շատուշատ բաղադրիչներ, որոնք բոլորը պետք է կառավարելի լինեն: Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, ինտենսիվության սկզբից կարծել եմ, որ հակամարտությունը կարգավորելու ամուր քաղաքական կամքի ցուցադրում կլիներ երկու կողմից ծանր սպառազինության հեռացումն առաջնագծից և բանակցությունների հետագայի համար շատ ավելի գործուն անվտանգային մեխանիզմների ապահովումը, որոնց մասին անցյալ տարիներին կողմերը խոսել են, սակայն գործի չեն դրել:
Ըստ իս, սա կլիներ քաղաքական կամք հետագա կայուն բանակցությունների համար: Եթե կողմերը ցանկանում են հասարակություններին պատրաստել խաղաղության, ապա առաջին հերթին նման քայլեր պետք է իրականացնեին՝ ապահովագրելով հետագայում իրենք իրենց սահմանային միջադեպերից ու սադրանքներից, որոնք հակամարտության չկարգավորվածության պատճառով հնարավոր են միշտ:
Չի բացառվում, որ Մյունխենում նախատեսվող հանդիպման խափանման պատճառն այդ հռետորաբանությունն էր կամ Ադրբեջանի համոզվածությունը, որ հայկական կողմի դիրքորոշումն ըստ էության էապես չի տարբերվում նախորդ շրջանի դիրքորոշումից: Ու քանի որ դիրքորոշումներն այս պահին քիչ թե շատ ավելի հասկանալի են, կողմերը նոր մարտավարությամբ կմոտենան բանակցային գործընթացին և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին, ինչը մոտ ապագայում կարտացոլվի քաղաքականության մեջ»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ համանախագահների այցը տարածաշրջան էական փոփոխություններ չի մտցնում իրավիճակում, պարզապես հարցեր են քննարկվում, դիրքորոշումներ են ներկայացվում:
Նրա համոզմամբ՝ որքան էլ միջազգային ներկայություն կա հակամարտությունում, իրավիճակը բանակցություններում թելադրում են իրենք` կողմերը, իսկ համանախագահները հետևողի և գործընթացը վերահսկողի դերում են: