Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին
ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ:
Նշվում է, որ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և Սփյուռքում:
«Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Այսօր մեկ-երկու հեռուստաալիքի եթերով ենք կարողանում պատշաճ հայերենով մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտել կամ ճանաչողական հաղորդումների հետևել: Մենք պետք է աջակցենք, համագործակցենք հեռուստաընկերությունների հետ: Նրանք զգում են մեր շնչառությունն իրենց թիկունքին: Եթե նախկինում մեր կառույցը պատժիչ ջոկատի դեր էր կատարում, ապա այսօր մենք գործընկեր ենք, աջակից ենք: Մեր նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նկատեց, որ իրենց ամփոփագրերին հեռուստաընկերությունները սովորաբար դրական են արձագանքում:
Անդրադառնալով եթերում հնչող խնդրահարույց հարցերին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ այդ տեսանկյունից առաջին տեղում սերիալներն են: Նրանց լեզուն անորակության սանդղակով առաջնագծում է: Ինչ վերաբերում է ամենատարածված սխալներին, ապա Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դրանք կարելի է տեսնել կոմիտեի հորդորակների միջոցով, որոնք պարբերաբար հրապարկվում են կայքերում, թերթերում: Տպագրում է նաև Հայաստանի Հանրապետություն օրաթերթը: