Քրդական ուժերը և Սիրիայի կառավարությունը նոր համաձայնության են եկել
Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հունվարի 30-ին հայտարարել են Սիրիայի կառավարության հետ նոր համաձայնության գալու մասին, որի նպատակն է կայունացնել հրադադարը և ուրվագծել երկու կողմերի ինտեգրման քայլերը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Մասնավորապես, քրդական ուժերը հայտարարել են, որ Սիրիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող անվտանգության ուժերը կմտնեն քրդերի կողմից վերահսկվող Ալ-Հասաքե և Ղամիշլի քաղաքներ, որտեղ նրանց նախկինում արգելված էր մուտք գործել, ինչից հետո կսկսվի SDF-ի և կառավարական ուժերի ինտեգրման գործընթացը։
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի կողմից կիառավարվող և փաստացի ինքնավար գոտի համարվող տարածքներում գործող կառույցներն ու դրանց աշխատակիցները կինտեգրվեն պետական հաստատությունների կազմ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համաձայնագիրը ներառում է «քուրդ ժողովրդի քաղաքացիական և կրթական իրավունքները և երաշխավորում է տեղահանված անձանց վերադարձը իրենց տարածքներ»։
«Համաձայնագրի նպատակն է միավորել սիրիական տարածքները և հասնել տարածաշրջանում լիարժեք ինտեգրման գործընթացի՝ ամրապնդելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համատեղելով երկրի վերականգնման ջանքերը», – ասվում է հայտարարության մեջ։
Դամասկոսից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաստատել է համաձայնության կնքումը։
