ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 11 ՀԱՆՑԱԳՈՐԾ

Մահապատժի ենթարկվածները Մյանմայում խարդախության կենտրոնների և անօրինական խաղատների գործունեություն ղեկավարող Մին սինդիկատի անդամներ էին։ Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանում նման գործով մահապատիժ է կիրառվում։

Մին սինդիկատի անդամները կալանավորվել էին 2023թ․ նոյեմբերին, Չինաստանի հետ սահմանակից Մյանմայի տարածքում։ Սինդիկատի անդամների նկատմամբ դատավճիռը կայացվել է անցյալ տարվա սեպտեմբերին։

Նոյեմբերին երկրի բարձրագույն դատական ատյանը մերժել է մահապատժի բողոքարկումը։ BBC-ն հաղորդում է, որ մահապատիժն ի կատար է ածվել այսօր՝ հունվարի 29-ին։ Եվս 23 մարդ ենթարկվել է 5 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

Խարդախության կենտրոններն ու խաղատները Մին ընտանիքին 2015-23-ին բերել են ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ։ Դատարանը հաստատել է, որ նրանց գործունեության զոհ է գնացել ՉԺՀ 14 քաղաքացի։

Կարդացեք նաև

Սա Չինաստանում առաջին մահապատիժն է Մյանմայում խարդախության կենտրոնների գործունեությանն առնչվող գործով։ Նոյեմբերին մահապատժի դատավճիռ է կայացվել Բայ սինդիկատի 5 անդամների մասով, իսկ Վեյ եւ Լյու խմբավորումների գործերով դատաքննությունները շարունակվում են։

Խարդախության (անգլ. scam) կենտրոնները զանգերի, սոցցանցերի, մեսենջերների կամ կեղծ կայքերի միջոցով մարդկանցից խաբեությամբ փող կամ անձնական տվյալներ կորզող հանցախմբեր են։ Սքամ կենտրոնների աշխատակիցները կապ են հաստատում մարդկանց հետ, ներկայանում որպես բանկի, պետական մարմնի ներկայացուցիչ և առաջարկում «շահավետ ներդրումներ», «անվտանգ հաշիվներ», «շահումներ»։

Խաբեբաները խոսում են չինարեն, օգտագործում չինական սոցցանցեր, բանկային համակարգեր և վստահություն ներշնչող պատմություններ։ Դյուրահավատ մարդիկ նրանց են փոխանցում իրենց գումարները կամ բանկային տվյալները։ Մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Ոչ պակաս վտանգ են ներկայացնում պետական մարմինների վերահսկողությունից դուրս գործող, այսինքն՝ անօրինական  խաղատները։ Դրանք օգտագործվում են փողերի լվացման նպատակով, կապված են հանցավոր խմբավորումների հետ։ Սքամ կենտրոններն ու անօրինական խաղատները մեկ միասնական ու խիստ եկամտաբեր հանցավոր բիզնես են, այն ֆինանսապես կործանում է անմեղ մարդկանց, հաճախ նրանց հասցնում ինքնասպանության։

Չինաստանին սահմանակից Մյանման իդեալական միջավայր է հանցավոր սինդիկատների համար, քանի որ այդ երկրում կան կենտրոնական իշխանությանը չենթարկվող «գորշ գոտիներ»։ Դա հեշտացնում է նաև մարդկանց և կապիտալի անօրինական տեղաշարժերն ու հոսքերը, չինախոս աշխատուժի ներգրավումը։ Տեղական զինված խմբավորումները և ազդեցիկ ուժերը որոշակի գումարի դիմաց ապահովում են սքամ կենտրոնների ու խաղատների պաշտպանությունը։

Ուշագրավ է, որ իրականում հանցավորության որջ հանդիսացող այդ տարածքները ներկայացվում են իբրև «զբոսաշրջային» կամ «խաղային» գոտիներ, որոնց հիմնական թիրախը բանից անտեղյակ ՉԺՀ քաղաքացիներն են։ Նրանք խարդախների թակարդն են ընկնում, որովհետև առցանց ակտիվ օգտատերեր են և լեզվական ու մշակութային ընդհանրությունների պատճառով հեշտ են հաղորդակցվում։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ Չինաստանում խիստ վերահսկվում են ֆինանսական հոսքերը, և մարդիկ հաճախ են փորձում կատարել «կողմնակի ներդրումներ»։ Խաղատներ հաճախողները նույնպես չինացիներ են, քանի որ Չինաստանում խաղամոլությունը խստիվ արգելված է։ Մյանմայի առցանց կամ ֆիզիկական անօրինական խաղատներն ստեղծված են հենց չինացիների համար, վճարումները կատարվում են չինական վճարային հարթակներով և հաճախ ուղեկցվում փողերի լվացմամբ ու շորթմամբ։

Հազարավոր չինացիներ են դարձել թրաֆիքինգի զոհեր․ նրանց այստեղ են բերում արտասահմանում օրինական կարգով աշխատելու պատիր խոստումներով, պահում են փաստացի ստրկության մեջ, ստիպում խաբել իրենց հայրենակիցներին։ Խոշոր սինդիկատները հիմնականում չինական հանցախմբեր են, որոնք խուսափելով Չինաստանում հետապնդումներից՝ տեղափոխվել են ապահով Մյանմա։

2021 թ․ ռազմական հեղաշրջմանը հաջորդած քաղաքացիական պատերազմի ու քաոսի պատճառով Մյանման հայտնվել է պետականության խոր ճգնաժամի մեջ, և հանցավոր սինդիկատները օգտվում են այդ իրավիճակից։ Չինաստանի հետ Մյանմայի սահմանամերձ տարածքներում վաղուց են գոյություն ունեցել թմրանյութերի ապօրինի առևտուր, մաքսանենգություն, անօրինական խաղատներ։ Դրանց գումարվել են սքամ կենտրոնները՝ որպես «նոր սերնդի» հանցատեսակ։

Չինաստան սքամ կենտրոններն ու խաղատները դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, խստացրել է դրանց դեմ պայքարը, անցել ցուցադրական դատավարությունների ու մահապատիժների, քանի որ տուժում են իր միլիոնավոր քաղաքացիներ, հսկայական գումարներ են հոսում դեպի արտասահման, խաթարվում է հասարակական անդորրն ու ներդաշնակությունը։

Արա Սահակյան

Տեսանյութեր

Լրահոս