«Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է»

Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները: Որևէ արտառոց բան սրանում չկա: Սակայն աչքի զարնեց ընդդիմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն:

Առաջինը այն էր, որ ընդդիմությունը գտնում էր, որ Կառավարությունը պարտավոր էր հնարավորություն ստեղծել ծրագիրը վաղօրոք (մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկելը) քննարկել խմբակցությունների հետ՝ պատգամավորների առաջարկությունները լսելու համար , ապա նոր ներկայացնել Ազգային Ժողովի դատին:Նույնիսկ նիստի ընթացքում հնչեց Վարչապետի առաջարկը ծրագրի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու պատրաստակամության մասին: Լավ էր, որ հետո (հավանաբար ԱԺ քարտուղարության հուշումով) հայտարարվեց, որ Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսել:

Եվ իրոք, Սահմանադրությունը ոչ միայն նման հնարավորություն չի նախատեսում, այլև ծրագրի մշակման համար Կառավարչությանը նախատեսում է ընդամենը 20 օր: Ակնհայտ է, որ այդ ժամկետում ենթադրել և՛ ծրագրի մշակում և՛ մի հատ էլ դրա նախնական քննարկումներ և՛ ծրագրի լրամշակում՝ ուղղակի անհնար է:

Հետևաբար` հարց է առաջանում՝ ինչու՞ է սահմանադիրը այդչափ սահմանափակ ժամկետ նախատեսել ծրագրի մշակման համար: Բանն այն է, որ սահմանադիրը ելել է այն քաղաքական իրողությունից, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ընտրություններում հաղթանակաց քաղաքական ուժի կողմից, պետք է իր ծրագրում ամբողջությամբ արտացոլի իր նախընտրական ծրագրում ամրագրված թեզերը, որոնք արժանացել են հանրության հիմնական մասի հավանությանը, որոնց իրականացման համար էլ հանրությունը վստահել է այդ ուժին ձևավորել իշխանություն, հետևաբար և Կառավարություն:

Ուստի Կառավարության ծրագրի կազմումը, ըստ էության, պետք է լինի զուտ տեխնիկական խնդիր՝ նախընտրական ծրագիրը վերածել գործունեության հնգամյա ծրագրի՝ նախընտրական խոստումների կատարումը հավաստող չափելի ամփոփիչ ցուցանիշերով: Այնպես որ այդ փաստաթուղթը այլ ուժերի հետ և նրանց առաջարկություններն ընդգրկելու նպատակով վաղօրոք քննարկումների կարիք չունի և չի էլ կարող ունենալ:

Դա հանրության առջև քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը արձանագրող իրավաքաղաքական ակտ է: Երկրորդ մոլորությունը դա ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական մեկնաբանությանն է վերաբերում:

Ընդդիմության քվեարկությունը՝ թե՛ նրա կողմից և թե՛ լրատվամիջոցների ու փորձագետների կողմից որակվում է, որպես անհամաձայնություն մեծամասնության՝ ծրագրում ամրագրված քաղաքականությանը:

Բոլորովին չվիճելով սույն պնդման հետ, այդուհանդերձ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ծրագրում Կառավարությունը ընդգրկի ընդդիմության առաջարկները կամ դրանցից ամենաանկյունաքարայինները, ապա ընդդիմությունը պետք է (կարող է) կողմ քվեարկել ծրագրին: Եթե անգամ տեսականորեն դա ենթադրելի է (իսկ վերը բերված մեկնաբանությունները այդ են վկայում), ապա կնշանակի, որ ընդդիմությունը կարող է ստանձնել հանրության առջև քաղաքական մեծամասնության ծրագրի կատարման հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ևս:

Մի բան, որը քաղաքագիտական առումով աբսուրդ է: Հետևաբար` Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար հանրության առջև քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է:

Ընդդիմությունը չի կարող որևէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդդիմություն է:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ նախկին վարչապետ
ԱԺ նախկին նախագահ

Տեսանյութեր

Լրահոս