Բաժիններ՝

«Իմ իսպանական ամոթը». Նիկոլայ Պետրոսյան

ESforce Holding-ի (ներառված է Mail.Ru Group-ում) հոլդինգի մեդիաուղղության տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ իսպանական ամոթը

Մի կերպ ինձ ստիպեցի դիտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն նշանակված իսպանացի Մելենդեսի մեկժամյան մամլո ասուլիսը։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն քիչ պարկեշտ բառեր կան, որ կկարողանամ դրանց միջոցով արտահայտել իմ հիասթափությունն ու «իսպանական ամոթը» այդ միջոցառումից ու ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող երևույթների նկատմամբ։

Սա այն ոլորտն է, ուր մեր խավար գավառականությունն ու միամտությունն առավել հաճախ են դրսևորվում։ Առաջին հերթին ամենազոր, իմաստուն ու ամենակարող «սպիտակ» մարդու նկատմամբ արմատախիլ չարվող այդ հավատը բնորոշ է գյուղացիներին, որոնք հավատում են, որ այդ հզոր մարդը կգա ու վայրկենաբար մեզ խելք կսովորեցնի, կսովորեցնի, թե ինչպես կոկորդիլոսներ որսալ ու կոկոս աճեցնել։

Արդեն քանի՜ այդպիսի առաքյալներ են հյուրախաղերով հանդես եկել Հայաստանում։ Արդյունքը զրոյական է։ Բայց մանկության տարիներին երևակայական ժանրի խաղերի պակաս ունեցած ՀՖՖ նոր ղեկավարությունը կրկին նույն սխալներն է կրկնում։

Ես չեմ վիճում, հավանաբար Մելենդեսը շատ ուժեղ մասնագետ է, նա իսպանական ֆուտբոլի շատ հաղթանակների մասնակիցն է։ Ամեն ինչ այդպես է։ Բայց խնդիրն այն է, որ աղքատ, այո, հենց աղքատ Հայաստանը պետք է ուսումնասիրի ոչ թե Իսպանիայի, այլ այն երկրների փորձը, որոնք կարողացան կառուցել ֆուտբոլային ինդուստրիայի նման ինչ-որ մի բան՝ հաղթահարելով նույն խնդիրները, ինչ Հայաստանի առջև են ծառացած։ Գնացեք Բալկաններ, Աֆրիկա, ուսումնասիրեք Իսլանդիայի փորձը…

Բայց ո՞վ կզբաղվի այսպիսի բարդ նախագծերով։ Ավելի հեշտ է հրավիրել ճանաչելի անունով՝ կարևորության տպավորություն ստեղծող իսպանացու, կանչել 1.5 տասնյակ լրագրողներ ու մի ամբողջ ժամ լսել սովորական դարձած բաներ ու թոշակառուական պատմություններ։ 

Ես չծուլացա ու գրի առա այդ «իսպանական Թոնի Ռոբբինսի» որոշ մտքերը։

«Երիտասարդ ֆուտբոլիստներին լավագույն մարզիչներ են պետք», «Պատանի ֆուտբոլիստներին խաղային պրակտիկա է անհրաժեշտ», «Պետք է համագործակցված աշխատել միևնույն նպատակի համար», «Նպատակին քայլ առ քայլ հասնել», «Ստեղծել շատ ամուր հիմք»…

Հիասքանչ է։ Լսեք, հայեր, թե ինչ է ասում «սպիտակ» մարդը։ Որսացեք նրա յուրաքանչյուր բառը, քանի որ նա հիշում է Անդրես Ինյեստային, երբ նա դեռ գանգրահեր պատանի էր, չէ՞ որ նա պատժել է նույն այն Սուսոյին, ով այժմ «Միլանում» է։ Ու հետո, չէ՞ որ նա մեր մարզիչներին «Մադրիդ» է տարել, ուր նրանք սելֆի են արել լեգենդար Ռաուլի հետ։

Եվ հայերը լսում են, ուրախանում ու հիանում, երբ բարեկիրթ իսպանացի պապիկը գովում է իրենց երկիրը։

«Ոչ մի տեղ մեզ այնպես չեն դիմավորել, ինչպես Հայաստանում։ Մենք հիացած ենք մարդկանց վերաբերմունքից»,- ասում է նա, ասես իմանալով, որ սա հենց այն է, ինչ ուզում են լսել միամիտ գավառականները։ Ապա պապիկը ոգևորվում է ու արդեն վերջնականապես վերածվում Հին Վասյուկիում Օստապ Բենդերի՝ «Տեսնում եմ, թե ինչպես են Հայաստանում սիրում ֆուտբոլ», «Այստեղ ֆուտբոլի հանդեպ այնպիսի կիրք կա», «Հայաստանը շատ լավ խաղացողներ ունի»։

Այո, սինյոր, այնպես են սիրում ֆուտբոլ, որ ազգային հավաքականի խաղերին 10.000 հանդիսականից ավել ներկա չի լինում, իսկ ազգային առաջնության խաղերին՝ մի քանի հարյուր։

Բայց ոչ ոք նրան չի առարկում, ոչ ոք անհարմար հարցեր չի տալիս։ Ինչպե՞ս կարելի է։ Չի կարելի։ Իսկ ո՞ւր մնաց ավանդական հյուրասիրությունը։ «Սպիտակ» մարդը մեզ գովում է, չի կարելի նրան նեղացնել։

Եվ հենց այդ նույն ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահի տեղակալը հայտարարում է, որ իսպանացիների հետ (Մելենդեսը և ևս 3 հոգի) պայմանագիրը կնքված է «1+1» սխեմայով, ապա՝ հպարտորեն ավելացնում. «Բայց մենք արդեն հիմա ցանկանում ենք ակտիվացնել մեր գործողությունները պայմանագրի ժամկետի 2-րդ տարվա երկարաձգման հարցում»։

Համատեղ աշխատանքից մեկ ամիս անց գործատուն երկարաձգում է պայմանագիրը։ Այդ ի՞նչ արեց իսպանացի պապիկը 4 շաբաթվա ընթացքում։ Նրա իսկ բառերով՝ ոչ մի առանձնահատուկ բան՝ տվյալներ է հավաքում, ծանոթանում է իրավիճակին, լեգիոներների լիմիտի մասին կարծիք դեռ չունի…

Բայց ֆեդերացիան չի համբերում է՛լ առավել դուր գալ նրան, դրա համար էլ, մի կողմ թողնելով բոլոր պայմանականություններն ու առողջ դատողությունը, նետվում է առաքյալի գիրկը։ Չէ՞ որ նա այնքան լավ է հեքիաթներ պատմում, այնքան հարգանքով է արտաբերում «սինյոր Արմեն» բառակապակցությունը…

Նա պրոֆեսիոնալ է, բարձրակարգ պրոֆեսիոնալ։ Այդպիսի պրոֆեսիոնալ հայկական ֆուտբոլում դեռ չի եղել։ Ամեն ինչ անպայման կլինի։ Հին Վասյուկին կտեղափոխվի Նոր-Մոսկվա։ Եվ ով որ կասկածում է, թող գրողի ծոցը կորչի։ Ու ընդհանրապես, կասկածողները հավանաբար հակահեղափոխականներ են…

Գավա՜ռ, գավա՜ռ… Նայում ես կողքից ու զգում, որ ամոթ է, շատ ամոթ»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս