Ինչո՞ւ հետաքրքրությունները չեն վերածվում ներդրումների
Եթե հավատալու լինենք տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, ապա օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ ավելանում ու ավելանում են։ Բայց միայն այդքանը. թե դրանից ի՞նչ է շահում իրական տնտեսությունը, պարզ չէ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրությունների բարձրացման տեսանկյունից։ Իսկ թե արտահերթ ընտրություններից հետո քանի՞ ներդրող է հետաքրքրվել մեր երկրում ներդրումներ անելու համար, ո՞ր ոլորտների նկատմամբ են ներդրողների հետաքրքրությունները, մինչև օրս քանի՞ ներդրում է եղել, և ո՞ր երկրներից, փոխնախարարը լռում է։ Ինչ մնում է ներդրումային հետաքրքրություններին, ապա դրանք ավելացե՞լ են, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ։
Փաստն այն է, որ հետաքրքրությունները, եթե այդպիսիք նույնիսկ կան, առայժմ ոչինչ չեն տալիս տնտեսությանը։ Դրանք չեն վերածվում իրական ներդրումների։
Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնուհանդերձ այնպես չէ։ Այլապես անհասկանալի է, թե ինչու խոստացված ներդրումային սպասումները չեն արդարանում։
Իրավիճակը, ըստ էության, չփոխվեց նաև խորհրդարանական ընտրություններից հետո, չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը ներդրումների բացակայությունը փորձում էր հիմնավորել իշխանության երկփեղկվածությամբ։ Թերևս դա էլ դարձավ ընտրությունները հնարավորինս առաջ բերելու հիմքը՝ այն պատճառաբանությամբ, որ ներդրողները սպասում են ընտրություններին, որպեսզի բացեն իրենց քսակները։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ընտրություններից հետո Հայաստանում բազմաթիվ ներդրումային ծրագրեր են իրականացվելու։
Հիշեցնենք, որ ժամանակին վարչապետը նույնքան ոգևորությամբ ու վստահությամբ պնդում էր, որ ներդրողները կազմ ու պատրաստ սպասում են, թե իրեն երբ պիտի ընտրեն վարչապետ, որպեսզի ողողեն Հայաստանի տնտեսությունը։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ սպասումները չափազանցված էին։ Այնպես, ինչպես չափազանցված էին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Դա առիթ էր ընդամենը ներդրումները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ Պատահական չէ, որ երկրի քաղաքական իշխանությունն ամբողջությամբ անցել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց ներդրողները չեն շտապում ներդրումներ կատարել Հայաստանում։ Առայժմ ամեն ինչ սահմանափակվում է հետաքրքրություններով։
Խորհրդարանական ընտրություններից անցել է երկու ամիս։ Եթե հավատալու լինեինք վարչապետին, ապա ներդրողները հիմա պիտի ջարդեին Հայաստանի դռները։
Բայց այդպես չէ. այս ընթացքում կառավարությունը չի հայտարարել օտարերկրյա կապիտալով որևէ նոր ներդրումային ծրագրի մասին։ Ներդրումային ծրագրերը նույնքան պասիվ են, որքան իշխանափոխությունից անմիջապես հետո։
Անշուշտ, ներդրումները ժամանակ են պահանջում։ Բայց 9-10 ամիսը քիչ ժամանակ չէ դրա համար։
Դժվար է հիշել որևէ նշանակալի ներդրումային ծրագիր, որը մեկնարկել և կյանքի է կոչվել իշխանափոխությունից հետո։ Ներդրումային այն հոսքերը, որոնք դեռ պահպանվում են, թելադրված են հիմնականում նախորդ շրջանից։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է երբեմն-երբեմն սիրում կրկնել՝ դրանք իներցիայի արդյունք են։
Այնպես որ, պետք չէ հպարտանալ նրանով, որ, ասենք՝ անցած տարվա առաջին ինն ամիսների տվյալներով զուտ ներդրումներն ավելացել են (ներդրումների տարեկան արդյունքները կլինեն ավելի ուշ)։ Դա դեռ չի նշանակում, թե սա իշխանափոխության արդյունքն է, ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել։ Դրանում դժվար չէ համոզվել՝ մի փոքր խորամուխ լինելով ներդրումային ցուցանիշների մեջ։
Այսպես. անցած տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը եղել են 59,8 մլրդ դրամ։ Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Այն համարժեք է գրեթե 120 մլն դոլարի, ինչը 5,5 մլն դոլարով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Թվում է, թե ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։ Ներդրումների զուտ հոսքերն իսկապես ավելացել են։ Սակայն դա ամենևին էլ գործող կառավարության աշխատանքի արդյունքը չէ։
Ընդհակառակը՝ պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ իշխանափոխությանը հաջորդած շրջանում Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև կտրուկ կրճատվել են։ Տարվա առաջին եռամսյակում տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 40,3 մլրդ դրամ։ Հաջորդ երկու եռամսյակում դրանք եղել են ընդամենը 19,5 մլրդ դրամի չափով։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ իրականացված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը զգալիորեն կրճատվել են։ Վեց ամսում ծավալները կրկնակի քիչ են եղել տարեսկզբի առաջին երեք ամիսների համեմատ։ Ահա սա է ներդրումների հետ կապված իրական պատկերը։
Այսպիսի վիճակագրության պայմաններում հպարտանալ ներդրումներով՝ տեղին չէ։ Առավել ևս, որ իշխանափոխությունից ինչպես առաջ, այնպես էլ հետո խոստումների պակաս չի եղել։ Այն աճը, որն արձանագրվել է անցած տարվա ինն ամիսներին, բացառապես տարեսկզբի ներդրումային ակտիվության հետևանք է։ Դրանում այսօրվա կառավարությունը, բնականաբար, որևէ մասնակցություն չի ունեցել։
Այնպես որ, ինչքան էլ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ ներդրումային խոստումները չեն իրականանում։ Ընդ որում,խոսքն ամենևին էլ ներդրումային բում ապահովելու մասին չէ։ Ցածր է ընդհանրապես ներդրումային ակտիվությունը։
Իշխանափոխությունից հետո իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև ռիսկերը շատացել են։ Ու ինչքան էլ կառավարությունը հայտարարի, որ կոռուպցիան էապես նվազել է, իսկ մենաշնորհները վերացել են, դրանից ներդրողները գոհ ու երջանիկ չեն շտապելու Հայաստան։
Բացի այն, որ Հայաստանում ցածր է ներդրումային գրավչությունը,կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են ներդրումների իրականացմանը։ Այսքան ժամանակ կառավարությունն այդպես էլ գրեթե ոչինչ չարեց այդ խոչընդոտները մեղմելու և երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա կապիտալի համար բարձրացնելու համար։ Պատահական չէ, որ ոչ միայն չի կայանում խոստացված ներդրումային բումը, այլև չկա ներդրումային ակտիվություն։
Մնում է հուսալ, որ առաջիկայում իրավիճակն այնուհանդերձ կփոխվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ